Fly Cham ավիաընկերությունը նոյեմբերի 11-ից կմեկնարկի Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթեր։ Շաբաթական մեկ չվերթ կիրականացվի՝ յուրաքանչյուր ուրբաթ: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ Հայաստան–Սիրիա օդային հաղորդակցությունը դադարեցվել էր 2012 թվականին՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սրման և անվտանգության վտանգների պատճառով։ Այդ ընթացքում դադարեցվեցին «Armavia»-ի և «Syrian Air»-ի Երևան–Հալեպ չվերթները։ Մի քանի տարի անց՝ 2017-ին, Սիրիական «Cham Wings Airlines»-ը վերսկսեց շաբաթական չվերթներ Երևան–Դամասկոս ուղղությամբ՝ հիմնականում սիրիահայերի և հումանիտար նպատակներով տեղափոխությունների համար։ 2021-ի սեպտեմբերին սիրիական Cham Wings Airlines-ը վերսկսեց Հալեպ–Երևան կանոնավոր չվերթները՝ շաբաթական մեկ անգամ, սակայն դրանք հետագայում դադարեցվեցին 2022-ի սկզբին՝ տարածաշրջանային լարվածության և սահմանափակ պահանջարկի պատճառով։