Առաջիկայում մեր կենցաղային հոգսերը հոգալու են արհեստական բանականությամբ զինված մարդանման ռոբոտները. Հակոբ Արշակյան

Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում  ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խոսել է արհեստական բանականության ազդեցության մասին


ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խոսել է արհեստական բանականության ազդեցության մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 6-ին մասնակցել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովին, որտեղ անդրադարձել է նոր տեխնոլոգիաների՝ մասնավորապես արհեստական բանականության՝ առանցքային նշանակությանը Հայաստանի զարգացման համար:


Արշակյանը նշել է, որ արհեստական բանականությունը արդեն փոխում է ամբողջական արդյունաբերական շղթաները, և առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը և կենցաղը:


«Առերեսվում ենք մի իրավիճակի, երբ արհեստական բանականությունը փոխում է ամբողջական արդյունաբերական շղթաներ: Այն արդեն մեր կյանքում է, բայց դրա ներկայությունը, կարծում եմ, առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը»,-ասել է նա։


Նրա գնահատմամբ՝ արհեստական բանականությամբ զինված մարդանման ռոբոտները մարդկությանը կազատեն կենցաղային մի շարք հոգսերից՝ հնարավորություն տալով ավելի շատ զբաղվելու կրթությամբ, գիտությամբ և ստեղծարար աշխատանքով:


ԱԺ փոխնախագահը կարևոր նշանակություն է տվել նաև երկրի անվտանգությանը և անկախությանը՝ փաստելով, որ երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կապված են լինելու այն հանգամանքի հետ, թե որքանով են դրանք կարողանում օգտագործել արհեստական բանականությունը, ռոբոտատեխնիկան և ավիատիեզերական տեխնոլոգիաները:


Արշակյանը կարևորել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքները՝ մասնավորապես Նորարարության հայկական հիմնադրամի ստեղծումը, որը երկարաժամկետ պետական ծրագրերի իրականացման համար պատասխանատու մարմին է:


Համաժողովում քննարկվել են Հայաստանի ինտերնետ դիմակայության, թվային քաղաքականության, լայնաշերտ ինտերնետի հասանելիության և տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններն ու մարտահրավերները:

Leave a Comment