Կառավարության այսօրվա որոշմամբ 8.4 մլրդ դրամ կհատկացվի Հյուսիս-հարավ նախագծին

Կառավարության այսօրվա որոշմամբ 8.4 մլրդ դրամ կհատկացվի Հյուսիս-հարավ նախագծին

ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ 8.4 մլրդ դրամ կհատկացվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, 22 մլն դրամ նախատեսվում է տրամադրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում ազդակիր հողամասերի գնահատման, մանրամասն չափագրման հետազոտության և գույքագրման, 8,7 մլն դրամ՝ Բարգուշատի թունելի նախագծի անվտանգության փորձաքննության իրականացման համար:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հյուսիս-հարավ նախագիծը սկսում է բյուրեղանալ և ավելի շոշափելի դառնալ, շինարարությունն արագ տեմպերով ընթանում է: Վարչապետը հետաքրքրվել է, թե նախագծի իրականացման ո՞ր փուլում ենք ներկայումս գտնվում, ինչին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է. «Երևան-Գյումրիի առումով ունենք 2 հատված, որտեղ դեռ աշխատանքներ են տարվում՝ 34 կմ և 8 կմ ճանապարհահատվածներում: Երկու հատվածներում էլ աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Ինչ վերաբերում է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին, ապա 32 կմ հատվածում աշխատանքները մեկնարկել են անցյալ տարի: Տարեվերջին կունենանք 70 մլն դոլարի չափով կատարված աշխատանքներ»:

Փոխվարչապետը նշել է նաև, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում Սիսիան-Քաջարան հատվածում, 2 ճանապարհահատվածի ֆինանսավորման պայմանագրերը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքվել են, մինչև տարեվերջ կհայտարարվեն կառուցման աշխատանքների մրցույթները: «Քաջարանից դեպի Մեղրի գնացող թունելի հատվածը միանալու է այս 32 կմ ճանապարհահատվածին, այնտեղ էլ շատ լավ աշխատանքներ են ընթանում կառուցողին ընտրելու ուղղությամբ: Մինչև տարեվերջ կունենանք ընտրված կառուցող, որը 2026 թ. աշխատանքներ կիրականացնի»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Leave a Comment