Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը, Պաշտպանության նախարարությանը, հատուկ ծառայություններին և համապատասխան քաղաքացիական գերատեսչություններին ուսումնասիրել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման հնարավորությունը: Պետության ղեկավարը այս հանձնարարականը տվել է Անվտանգության խորհրդի նիստում:
Նախագահը լուրջ հարց է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումների վերսկսման մասին հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի կողմերը որոշեն անցկացնել միջուկային փորձարկումներ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ պայմանագրից։