Ով որքան հոնորար է ստացել «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որքան հոնորար են ստացել արտիստները «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում ելույթների համար․ հոկտեմբերի 1-ին գրավոր հարցմամբ դիմել էինք քաղաքապետարան։ Պատասխանը դեռ չենք ստացել, բայց գնումների պետական համակարգում տեղադրված մի քանի պայմանագրերի ուսումնասիրությամբ Factor TV-ն որոշ տվյալներ արդեն պարզել է։ 

Այսպես՝ 30 րոպեանոց ելույթի համար քաղաքապետարանը երգչուհի Բրյունետին վճարել է 3 միլիոն 300 հազար դրամ։ Արտիստը ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի հրապարակում կայացած էստրադային համերգի ընթացքում: Նույն համերգի ժամանակ ելույթ է ունեցել նաև «Ռեինկարնացիա» խումբը։ Այս դեպքում 30 րոպեանոց ելույթի համար հոնորարը կազմել է 5 միլիոն դրամ։

«Դիանա Աբգար»-ի անվան զբոսայգու տարածքում կայացած ռոք համերգի ընթացքում ելույթ է ունեցել «Լավ էլի» բենդը․ 30 րոպեանոց ելույթի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 1 միլիոն 800 հազար դրամ։

«Սևագիր» խմբի՝ 30 րոպեանոց ելույթի համար քաղաքապետարանը վճարել է 715 հազար դրամ, իսկ «Բամբիռ» խմբի ելույթի համար՝ 2 միլիոն դրամ։ 

Էլեկտրոնային երաժշտության համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել իտալացի Բենի Բենասին ու ևս երկու դիջեյ։ Նրանց ընդհանուր վճարվել է  35 միլիոն 750 հազար դրամ։ 

«Կասկադ» համալիրի տարածքում ջազ համերգի ընթացքում ելույթ է ունեցել «Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ»-ը։ 30 րոպեանոց ելույթի համար քաղաքապետարանը խմբին վճարել է 2 միլիոն 420 հազար դրամ։

Նույն համերգի ընթացքում հաղորդավարի ծառայություններ է մատուցել Վահե Խանամիրյանը․ հոնորարը կազմել է  834 հազար դրամ։

Ուշագրավն այն է, որ բոլոր դեպքերում պայմանագրերը կնքվել են համերգից մի քանի օր անց։ 

Նշենք, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունների շրջանակում միջոցառումների կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանը «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին վճարել է 332 միլիոն 934 հազար դրամ կամ 865 հազար դոլար։ Ընկերությունն ընտրվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ «Ֆակտորի փրոդաքշն»-ը պարտավորվել է միջոցառումներ կազմակերպել Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքում, Ազատության հրապարակում, Դիանա Աբգարի զբոսայգու տարածքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի տարածքում և Հանրապետության հրապարակում։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

Leave a Comment