COP17-ը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է` ընդգծելու երկրի դերը բնապահպանական նախաձեռնություններում. Համբարձում Մաթևոսյան


Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։


 


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքները։ Նախարարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը և իրականացվող աշխատանքների ժամանակացույցը՝ շեշտելով կապույտ և կանաչ գոտիների կազմակերպման ենթակառուցվածքային ապահովումը, մասնակցող երկրների պատվիրակությունների ընդունելության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված քայլերը, ինչպես նաև միջոցառման արդյունավետ կազմակերպման համար ներդրվող նորարարական մոտեցումները։


 


COP17-ը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ներկայացնում՝ միջազգային հարթակում առավել ընդգծելու երկրի դերը բնապահպանական գլոբալ նախաձեռնություններում և ներկայացնելու Հայաստանի ջանքերն ու առաջնահերթությունները կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական կայունության և «կանաչ» տնտեսության զարգացման ուղղություններով։


 


Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության ներգրավվածությանը խոշոր միջազգային բնապահպանական ֆորումներում, ներկայացրել Բրազիլիայում կայանալիք COP30-ին մասնակցության նախապատրաստական գործընթացները, ինչպես նաև ընդգծել նման միջոցառումների կարևորությունը գիտելիքների փոխանակման, գործընկերային ցանցերի ընդլայնման և արդյունավետ միջազգային համագործակցության խորացման տեսանկյունից։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անտառտնկման և անտառվերականգնման ոլորտում իրականացվող ծրագրերը, դիտարկել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձրել բժշկական թափոնների անվտանգ կառավարման թեմային՝ դիտարկելով այդ ուղղությամբ Հայաստանի պետական քաղաքականության զարգացումները և միջազգային փորձի կիրառման հեռանկարները։


 


Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկուստեք պատրաստակամություն՝ շարունակելու սերտ համագործակցությունը և ընդլայնելու բնապահպանական նոր ծրագրերի և աջակցության նախաձեռնությունների շրջանակը։

Դիտումների քանակ5

Leave a Comment