Հասարակություն
05.11.2025 | 12:48
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը քիչ առաջ մերժեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը: Այս մասին լրագրողների հարցին իր պատասխան ասաց Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով դատավորները վերացրել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, որից հետո դատախազությունը դիմել է դատարաններին՝ հայտնելով, թե օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը և միջնորդելով նրա նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը, փաստորեն, մերժել է դատախազության միջնորդությունը, սակայն այսօր, ժամը 14:30-ին նիստ է նշանակված նաև Սարգսյանի վերաբերյալ դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում քննվող գործով: Թե նույն փաստական հանգամանքներով միջնորդության վերաբերյալ ինչ որոշում կկայացնի դատավոր Արամ Գրիգորյանը, պարզ կդառնա ավելի ուշ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արաքս Մամուլյան