Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Խաղաղության քվիզ. զրույց ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովի ընթացքում։
Հարցը հնչել է ադրբեջանական լրատվամիջոցի ներկայացուցչի կողմից և ձևակերպված է եղել «ե՞րբ կլինի փոփոխությունը» ոգով։
Ի պատասխան, արտաքին գործերի նախարարը, ողջունելով Բաքվից լրագրողի ներկայությունը, անկեղծ զարմանք է հայտնել հարցի «շաբլոնության» վերաբերյալ. «Եթե ես ձեր տեղում լինեի, կօգտվեի առիթից և ավելի քիչ ծաղրական հարց կտայի», — նկատել է նախարարը։
Այնուամենայնիվ, քանի որ հարցը տրվել է, Միրզոյանը պատասխանել է դրան։ Նա հիշեցրել է, որ թեման բազմիցս բարձրացվել է ադրբեջանցի պաշտոնյաների կողմից և Երևանի պատասխանը չի փոխվել. դա Հայաստանի ներքին գործն է։ Մենք չենք կիսում այն կարծիքը, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները, ընդ որում, վերջինս սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար, բանակցությունների թեմա են։ Նախարարի խոսքով, խաղաղությունը հաստատված է, առանցքային հարցերի շուրջ կա ըմբռնում։ Բայց կան նաև այլ հարցեր, որոնց շուրջ համաձայնություն չկա։
«Ի՞նչ անել. Ադրբեջանն ասում է, որ քանի այդպես է մենք խաղաղության պայմանագիր չենք ստորագրի։ Մենք ասում ենք՝ զուր եք այդպես անում», — երկու բառով վերապատմել է նախարարը։ Նա ընդգծել է, որ չնայած դրան, պայմանագիրը նախաստորագրված է, մեծ հաշվով կարևոր նպատակն իրականացված է, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները վայելում են խաղաղությունը և հույս կա, որ ապագա գործընթացները կբերեն ստորագրման։ «ՀՀ-ն այդպիսի կամք ունի, մենք գնում ենք այդ ճանապարհով և չենք ենթարկվում սադրանքների», — նկատել է արտգործնախարարը՝ հիշեցնելով, որ 2018 թվականի վերջից իշխանությունները խոսում են Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին, սակայն դա ներքաղաքական օրակարգ է։