Հայկական ջութակն ու համաշխարհային ժառանգությունը․ Primavera Foundation–ն ու «Նովոստի–Արմենիա»–ն մեկնարկում են նախագիծ, որը միավորում է ավանդույթն ու ապագան

Primavera Foundation հիմնադրամը և «Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնարկում են եզակի նախագիծ, որը նվիրված է աշխարհահռչակ հայ ջութակահարներին, ինչպես նաև աննախադեպ իրադարձությանը՝ ջութակի մասին լեգենդար դասագրքի հայերեն թարգմանությանը


ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ջութակի հայկական դպրոցը վաղուց ձեռք է բերել միջազգային ճանաչում։ Կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաև ջութակահարներ Ժան Տեր-Մերգերյանի, Սերգեյ Խաչատրյանի, Դիանա Ադամյանի և Հայկ Ղազազյանի անունները հնչում են աշխարհի առաջատար բեմերում, իսկ նրանց վարպետությունը հպարտություն է առաջացնում երկրի համար։ 


Primavera Foundation հիմնադրամը և «Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնարկում են եզակի նախագիծ, որը նվիրված է աշխարհահռչակ հայ ջութակահարներին, ինչպես նաև աննախադեպ իրադարձությանը՝ ջութակի մասին լեգենդար դասագրքի հայերեն թարգմանությանը։ Այժմ ջութակի արվեստի պատմության մեջ նոր էջ է բացվում․ Կարլ Ֆլեշի լեգենդար «Ջութակ նվագելու արվեստը» դասագիրքը, որն օգտագործվել է աշխարհի տարբեր սերունդների երաժիշտների կողմից, հրատարակվում է հայերեն։


«Հռչակավոր ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշի գիրքը իրավամբ դասվում է կատարողական արվեստի ամենաակնառու մեթոդաբանությունների շարքին։ Նման աշխատությունն անգերազանցելի է բարձրաձայնացված խնդիրների ծավալով», – ասել է «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության տնօրեն Գալինա Դավիդյանը։ 


Նրա խոսքով՝ դասագիրքը պարզապես ջութակի վարպետության տեխնիկայի կանոնների ամբողջություն չէ։ Այն գրված է կենդանի լեզվով, ինչի շնորհիվ տարբերվում է մյուս ձեռնարկներից։ 


«Մասնագիտացված դասագիրքը ծառայում է սերունդների։ Այս դեպքում շահառուները բոլոր հայախոս մանկավարժներն ու երաժիշտներն են, սա է ինձ համար ամենակարևորը», – ասել է Primavera Foundation–ի տնօրեն Ելենա Յակովլևան։ 


Նրա խոսքով, գաղափարը ծնվեց գերմանացի ջութակահար Մաքսիմիլիան Սայմոնի՝ Երևանի պետական ​​կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում անցկացրած վարպետության դասերից հետո։ Թարգմանությունն ու խմբագրումն իրականացրել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ պրոֆեսորներ Արամ Բադալյանը, Արմեն Հարությունյանը և Նոնա Ոսկանյանը: Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» դասագիրքը անվճար կլինի հայ մանկավարժների համար: Դասագրքի օրինակը կարելի է ստանալ՝ լրացնելով հայտ Primavera Foundation–ի կայքում:    


Յակովլևան նաև նշել է, որ ժամանակակից մեկենասները դուրս են գալիս ավանդական բարեգործության շրջանակից։ Սա գիտակցված ներդրում է երկրի մշակութային ապագայի մեջ։


«XXI –ի դարի մեկենասն այն մարդն է, ով պատասխանատվություն է զգում իր, իր մտերիմների, բիզնեսի, հասարակության և երկրի համար։ Նա հասկանում է, որ մշակույթն ու երաժշտությունը երկիրը արտաքին աշխարհի համար ճանաչելի և գրավիչ դարձնելու միջոց են», – ասաց նա։ 


Այս մասշտաբային նախագիծն իրականացվել է Primavera Foundation–ի կողմից՝ Apricot Capital–ի, Balchug Capital–ի և The Amaryan Foundation–ի աջակցությամբ։      


«Նովոստի–Արմենիա»–ի մասին 


«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Հայաստանի առաջատար լրատվական գործակալություններից է, որը հիմնադրվել է 2005 թվականին։ Գործակալությունը լուսաբանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրադարձություններ և տեղեկատվության ամենաշատ մեջբերվող և հարգված աղբյուրներից մեկն է։ 


Primavera Foundation–ի մասին    


Primavera Armenia հիմնադրամի առաքելությունն է աջակցել հայ մշակույթի և արվեստագետների միջազգային ինտեգրմանը, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի մշակութային ժառանգության մասին իրազեկվածության մակարդակը։

Leave a Comment