Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը առաջիկայում կարող է արգելվել Վրաստանում


Միջազգային


Վրաստանի Սահմանադրական դատարանը գրանցել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայցը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը արգելելու վերաբերյալ։

Խորհրդարանի 88 պատգամավորների կողմից ներկայացված հայցով պահանջվում է, որ երեք ընդդիմադիր քաղաքական ուժեր, այդ թվում՝ Սաակաշվիլիի կուսակցությունը, ճանաչվեն հակասահմանադրական և արգելվեն։ Օրենքի համաձայն` Սահմանադրական դատարանը հայցը գրանցելուց հետո ունի ոչ ավելի, քան ինը ամիս ժամանակ՝ այն քննարկելու համար։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հոկտեմբերի 28-ին հայտարարեց, որ իշխող կուսակցությունը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ երկրի չորս խոշորագույն ընդդիմադիր կուսակցություններից երեքին՝ «Միացյալ ազգային շարժումը», «Փոփոխությունների համար կոալիցիան» և «Հզոր Վրաստանը», հակասահմանադրական ճանաչելու համար։

Պապուաշվիլին բացատրեց, որ իշխող կուսակցությունը չի ձգտի արգելել առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների գործունեությունը։


Leave a Comment