Արցախի տեղեկատվական շտաբն ստեղծել է աշխատանքային խումբ՝ արցախցիներին քաղաքացիություն ստանալու հարցում աջակցելու համար

Հայաստանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը խորհրդատվություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, հայտնում է «Արցախի տեղեկատվական շտաբը»։

«ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման, ինչպես նաև քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այլ իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Քաղաքացիները կարող են այցելել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Նաիրի Զարյան փողոց, 17ա հասցեով։ Հեռախոսահամարներ՝ 099 948 765, 091 948 765։

Ավելի վաղ «Արցախի տեղեկատվական շտաբը» հայտնել էր, որ քաղաքացիության, պետական ​​բնակարանային ծրագրերին մասնակցության և այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվություններ կարելի է ստանալ Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում: Քաղաքացիների բազմաթիվ հարցումներից հետո որոշում էր կայացվել ստեղծել աշխատանքային խումբ։

Leave a Comment