Հայերը չպետք է վախենան ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելուց. Ալիև – Armenia Today

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ հայ ժողովուրդն ու պետությունը չպետք է վախենան ադրբեջանցիների՝ «ներկայիս Հայաստան» տեղափոխվելուց:

«Մեր ժողովուրդը միշտ իր ներդրումն է ունեցել այն երկրների պետականությունում, որտեղ ապրում է, և այսօր ադրբեջանցիները ոչ մի երկրում խնդիրներ չեն ստեղծում և չեն ստեղծելու ոչ մի պետության և ոչ մի այլ ժողովրդի համար: Ուստի, ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և հայկական պետությանը», – Ալիևի խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի առաջնորդը մայիսին «արևմտյան ադրբեջանցիների վերադարձն» անվանել էր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի պայմաններից մեկը:

Բաքվից վերջին տարիներին բազմիցս հայտարարել են Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» անհրաժեշտության մասին, իսկ 2024 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի օգտագործումը ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հունվարին այս մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հունիսին Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծել էր, որ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը նշանակում է Բաքվի տարածքային նկրտումներ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Leave a Comment