Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան՝ բնության հետ ամենաքիչ կապված երկրների ցանկում

Ռուսաստանը ներառվել է այն երկրների տասնյակում, որոնք ամենաքիչն են կապված բնության հետ: Նույն ցուցակում են նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ճապոնիան, իսկ Նեպալը, Իրանը և Հարավային Աֆրիկան գլխավորում են ցուցակը։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Հետազոտությունը, որում մասնակցել է շուրջ 57 հազար մարդ տարբեր երկրներից, իրականացվել է Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի գիտնականների կողմից՝ Դերբիի համալսարանի բնության հետ կապի մասնագետ պրոֆեսոր Մայլզ Ռիչարդսոնի ղեկավարությամբ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ մարդու վերաբերմունքը բնության նկատմամբ ձևավորվում է սոցիալական, տնտեսական, աշխարհագրական և մշակութային գործոնների ազդեցությամբ։

Գիտնականների կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր ունեն բնության հետ խոր կապ, ունեն ավելի լավ ինքնազգացողություն և ավելի էկոլոգիապես պատասխանատու վարքագիծ։ Իսկ բնությունից օտարացումը՝ համակցված անհավասարության և նյութական շահի ձգտման հետ, համարվում է կենսաբազմազանության կորստի պատճառներից մեկը։

Հետազոտությանը մասնակցած 61 երկրի շարքում բնությունն ամենասիրող երկիրը ճանաչվել է Նեպալը, իսկ ամենաքիչ կապվածը՝ Իսպանիան։

Հոդվածում նշվում է նաև, որ կրոնական մշակույթներ, որտեղ հավատքը գերադասում են գիտությունից, սովորաբար ունեն բնության հետ ավելի սերտ հարաբերություն։ Ընդհակառակը՝ բիզնեսի հարմարավետությունը, քաղաքաշինության մակարդակը, բարձր եկամուտը և ինտերնետային կախվածությունը նպաստում են բնությունից օտարացմանը։

Մասնագետները առաջարկում են ուժեղացնել մարդու կապը բնության հետ՝ օգտագործելով այն հոգեկան առողջության բուժման մեջ, օրենսդրորեն ամրապնդելով բնության իրավունքները, ինչպես նաև ներգրավելով բնության արժեքները կառավարման և բիզնեսի գործընթացներում։

Leave a Comment