Լուվրի կողոպուտից օրեր անց իսրայելական ընկերություններից մեկը հրապարակավ հայտարարել է, որ հանցագործները կապ են հաստատել իրենց հետ և առաջարկել են գաղտնի բանակցություններ վարել գողացված գանձերի վաճառքի շուրջ՝ սև շուկայի՝ դարքնեթի միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
CGI Group-ի գործադիր տնօրեն Ցվիկա Նավեն հայտարարել է, որ հոկտեմբերի 19-ին ընկերությունը հանցագործների ներկայացուցչից ստացել է կոդավորված հաղորդագրություն։ Նշվում է, որ ընկերությունը մի շարք զրույցներ է անցկացրել անհայտ անձի հետ և հաստատել, որ Լուվրի անհետացած զարդերից առնվազն մի քանիսն իր մոտ են։
CGI Group-ը դեպքի մասին հայտնել է Ֆրանսիայի իրավապահ մարմիններին, սակայն նրանց չի հաջողվել վերադարձնել գողացված արվեստի գործերը։
Հոկտեմբերի 19-ի առավոտյան թալանել էին Փարիզի Լուվր թանգարանը: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործները մտել էին Ապոլլոնի պատկերասրահ, որտեղ պահվում են Ֆրանսիայի թագավորական գանձերի թանկարժեք զարդերը։ Գողացված իրերի արժեքը գնահատվում է մոտ 88 մլն եվրո։
Le Parisien թերթը հայտնել էր, որ կողոպտիչների գողացած զարդերի մեջ ներառված էին Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուներից զարդեր՝ վզնոց, կրծքազարդ և թագ: Ընդհանուր առմամբ՝ գողացել են ինը իր: Այլ անհետացած զարդերի թվում են կայսրուհի Մարի-Լուիզայի հավաքածուից զարդեր, թագուհի Մարի Ամալիայի և հոլանդացի թագուհի Հորտենս դը Բոհարնեի հավաքածուներից երեք իր և կայսրուհի Եվգենիայի հավաքածուից չորս իր։
