Ես այդ մարդկանց չեմ ուզում ասել հոգևորականներ, որովհետև հասկացել եմ, որ նրանք վաղուց դադարել են հոգևոր լինել, եթե հոգևոր լինեին և հավատ ունենային, այն ուխտը, նրանցից շատերը, որ Աստծո առաջ կանգնելով տվել էին Հիսուս Քրիստոսին, իրենց ողջ կյանքը նվիրելու նրան և նրա եկեղեցուն, երբեք ու երբեք չէին դրժի, կին և երեխաներ չէին ունենա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, NEWS.am—ի հետ զրույցում նշեց Հովհաննավանքի նախկին քահանա, կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի հայտարարությանը, որտեղ նշված էր, որ Հովանավանքում ծիսակատարության անվան տակ ցանկացած գործողություն, որ կատարվել էր, դա պղծություն է, իսկ Հովանավանքը ենթակա է վերասրբագործման։
«Եթե այս մարդիկ դրանից հետո շարունակում են լինել եկեղեցու մեջ, շարունակում են պատարագներ մատուցել և այդ պատարագները եկեղեցու կողմից վավերացվում է որպես սուրբ պատարագներ, ապա ես հավատացած եմ ու համոզված եմ, որ այն պատարագը որ մենք մատուցել ենք և կմատուցենք նաև այս կիրակի, միանշանակ Հիսուս Քրիստոսի կողմից ընդունելի է»,–ասաց նա։
Հարցին՝ շարունակելու է մնալ Հովհաննավանքո՞ւմ, Ստեփան Ասատրյանը պատասխանեց. «Ոչ թե պատրաստվում եմ մնալ այստեղ, ես կարծում եմ որ իմ մնալը հրամայական է և պարտադիր, որովհետև այն, ինչ որ կատարվում է Սուրբ եկեղեցու մեջ օր առաջ և ժամ առաջ, այդ հարցերը պետք է կարգավորվեն և լուծվեն։ Ես իմ կյանքը, ուղղակի, դրել եմ իսկապես զոհասեղանին, որ բոլոր այն մարդիկ, որոնք անմաքուր ձեռքերով, անմաքուր մատերով դիպչում են Հիսուս Քրիստոսի հաղորդությանը, այն ուխտը, երդումը, դաշինքը, որ ունեցել են Սուրբ եկեղեցու հետ և Հիսուս Քրիստոսի հետ, այդ մարդիկ այդ անմաքրությամբ իրավունք չունեն պատարագներ մատուցելու։
Ես հետամուտ եմ լինելու իմ կարեցածի չափով, որ այս մարդիկ կամ հանեն իրենց կապանները և հեռանան եկեղեցուց, կամ դարձի գան ու ապաշխարեն»։