ԱՄՆ կառավարությունը տվյալներ ունի Գազայի հատվածում իսրայելական զինվորականների կողմից մարդու իրավունքների հարյուրավոր հնարավոր խախտումների մասին։ Այս մասին հինգշաբթի հաղորդել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր տեսչի գրասենյակի գաղտնի զեկույցին։
Թերթի տվյալներով՝ զեկույցը պարունակում է տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, որ իսրայելական զինվորականները մարդու իրավունքների հնարավոր հարյուրավոր խախտումներ են կատարել, որոնց «հետաքննությունը տարիներ կպահանջի»։ Թերթը ընդգծել է, որ սա առաջին զեկույցն է, որում ԱՄՆ-ը «ճանաչում է Իսրայելի գործողությունների մասշտաբները Գազայում», որն ընկնում է Լիհիի օրենքի տակ։ Այս օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ը պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել օտարերկրյա ռազմական ստորաբաժանումներին, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են կատարել։
Ինչպես տեղեկացրել է The Washington Post-ը, զեկույցը պատրաստվել է Գազայում հրադադարի ուժի մեջ մտնելուց մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը՝ Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ եւ Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնել են իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Գազայում հրադադարն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը ազատ արձակեց 20 կենդանի մնացած իսրայելցի պատանդներին եւ հանձնեց չորս մահացած գերիների մարմինները։ Իսրայելի իշխանությունները դժգոհություն հայտնեցին արմատականների կողմից 28 մարմիններից միայն չորսի վերադարձի կապակցությամբ։ Հաջորդ օրերին ՀԱՄԱՍ-ը հրեական պետությանը հանձնեց եւս 11 իսրայելցիների մարմիններ։