Բաքվում ՌԴ դեսպանը հայտարարել է, թե «միջանցքով» անցնող 44 կիլոմետրանոց հատվածը կարող է վերականգնվել շուրջ երկու տարվա ընթացքում

Քաղաքականություն

31.10.2025 | 15:48

«Ճանապարհի երկարությունը 44 կմ է։ Ռուս երկաթուղային շինարարության մասնագետները ոտքով անցել են այս ճանապարհը։ Այն կարելի է վերականգնել մոտ երկու տարվա ընթացքում, քանի որ թունելները փլուզված չեն. միայն երկաթուղային համալիրն է պետք վերականգնել»։ Այս մասին հայտարարել է գրավյալ Արցախ այցելած Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական իշխանական APA-ի հարցին։

Նրա խոսքով՝ կարևոր չէ, թե ով և ինչպես կվերականգնի ճանապարհը։

«Այս ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, այլև կստեղծի պայմաններ տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար։ Գլխավորն այն է, որ ճանապարհի վերականգնումն ավարտվի հնարավորինս շուտ»,- նշել է դեսպանը։

Եվդոկիմովը նաև նշել է, թե սա իր յոթերորդ այցն է Արցախ։

«Ես արդեն երեք տարի է՝ արևոտ Ադրբեջանում եմ։ Սա իմ յոթերորդ այցն է ազատագրված Ղարաբաղ։ Բոլոր տպավորություններս բացարձակ դրական են»,- հայտարարել է ՌԴ դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment