Մեծ Բրիտանիայի թագավորը եղբորը զրկել է բոլոր տիտղոսներից՝ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապի պատճառով

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը իր կրտսեր եղբորը՝ Էնդրյուին, զրկել է բոլոր տիտղոսներից և պահանջել լքել կեցավայրը Վինձորում, հայտնում է Բուքինգհեմյան պալատը։ Որոշումը կայացվել է՝ նպատակ ունենալով հեռու պահել թագավորական ընտանիքը Էնդրյուի՝ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված սկանդալից, հաղորդում է Reuters-ը։

65-ամյա Էնդրյուն՝ հանգուցյալ թագուհու երկրորդ որդին, վերջին տարիներին ճնշման տակ է իր վարքի և դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ բարեկամության պատճառով։ Արդեն հոկտեմբերին նա ստիպված էր հրաժարվել Յորքի դուքսի տիտղոսից։ Այժմ Էնդրյուն զրկվել է նաև մնացած բոլոր տիտղոսներից և այսուհետ հայտնի կլինի որպես Էնդրյու Մաունթբեթեն-Վինձոր։ Մոտ ժամանակում նա կտեղափոխվի ապրելու Արևելյան Անգլիայում գտնվող Սենդրինգհեմի կալվածքի տարածքում գտնվող մասնավոր տուն։

Պալատի հայտարարության մեջ ընդգծվում է, որ «այս քայլերն անհրաժեշտ են՝ չնայած այն հանգամանքին, որ նա շարունակում է հերքել իր դեմ առաջադրված մեղադրանքները»։ Թագավորն ու թագուհին իրենց հայտարարությամբ «խորին ցավակցություն են հայտնել բռնության և շահագործման բոլոր ձևերից տուժածներին և վերապրածներին»։

Էնդրյուն դեռևս 2011 թվականից աստիճանաբար զրկվել էր բոլոր պաշտոնական դերերից։ 2022-ին նրան զրկեցին զինվորական կոչումներից և բարեգործական կազմակերպությունների հովանավորությունից՝ սեռական չարաշահումների մեղադրանքների ֆոնին, որոնք նա հերքում էր։

Ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակվել էր 2011 թվականի նամակագրություն Էնդրյուի և Էփշտեյնի միջև, որտեղ դուքսը առաջարկում էր «պահել կապը» և «նորից հանդիպել»։

Leave a Comment