Մարմնի որոշ մասերն անզգայանում են․ հետևանքները ծանր են․ Տիգրան Գալստյանը նիստին անվասայլակով էր եկել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հոկտեմբերի 30-ին կայացավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ գործով 18 մեղադրյալ կա։ Նրանցից Տիգրան Գալստյանը երեկ դատական նիստին ներկայացել էր անվասայլակով և պարանոցի ամրակով։

24News-ը զրուցել է Տիգրանի կնոջ՝ Մանե Գալստյանի հետ։ Տիկինը հայտնեց, որ ամուսինը նախկինում ունեցել է առողջական խնդիր՝ կապված ողնաշարի հետ։

«Ճողվածք է ունեցել, բայց խնդիրն այս աստիճանի չի եղել։ Վիճակն ավելի վատթարացել է կալանավորումից հետո։ Բժիշկներն ասում են, որ այդ վիճակին է հասել նաև վատ պայմանների հետևանքով։ Նա կալանքը կրում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Այնտեղ չի եղել համապատասխան բուժում, միջոցներ, որպեսզի վիճակն ավելի չվատանա»,-նշեց կինը։

Տիգրանը հոկտեմբերի 13-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կնտրոն։ Կնոջ խոսքով, բուժումը պետք է դադարեցվի, քանի որ բժիշկները պնդում են, որ պետք է վիրահատական միջամտություն կատարվի այս փուլում և որևէ բուժում արդեն սպասելի արդյունք չի տալիս։

«Վիրահատությունից ինքը խուսափում է, հրաժարվում է։ Շատ երկար տարիներ զբաղվել է սպորտով, երբ խնդիրն առաջացավ, ասացին, որ պետք է վիրահատվի։ Երկար տարիներ է, որ ունի այդ խնդիրը, բայց այս ընթացքում վիճակը վատթարացել է, ճողվածքի չափը մեծացել է։ Այն ժամանակ սովորական վիրահատություն պետք է արվեր, բայց հիմա պետք է երկաթներ օգտագործեն։ Արդեն մի 20 օր է՝ մարմնի մի հատվածն օրվա մեծ մասը չի զգում։ Խնդիր կա նաև դեպի պարանոց արյունատար անոթի հետ, հիմա ճնշման խնդիր ունի, գլխուղեղը նոմալ չի սնուցվում։ Օրվա մեջ մի քանի անգամ ունենում է գլխապտույտ, աչքերի դիմաց սևանում է։ Մարմնի որոշ մասերն անզգայանում են։ Հիվանդանոցում վարժություններ էր անում, բայց ասում է, որ վիճակն ավելի վատացավ։ Պարանոցի այդ հարմարանքը հիմա օրվա մի մասն է կրում, հատկապես, երբ տեղափոխում են իրեն, բայց բժիշկներն ասացին, որ գուցե կարիքը լինի, որ ամբողջ օրը կրի։ Ինքը երբեք չի բողոքել «Արմավիր» ՔԿՀ-ի պայմաններից, բայց բժիշկն ինձ ասաց, որ նրա վիճակում պետք է այնտեղ չգտնվեր, նաև ասաց, որ բուժումներն անիմաստ են դառնում, քանի որ խնդիրը չի լուծվում։ Մենք ուզում էինք ներքնակ տանել, որովհետև ինքը հատուկ ներքնակի վրա է քնում, բայց ասացին, որ շատ լուրջ խնդիր է, ներքնակը պետք է քննությունների տարվի, պատռվի։ Դա էլ հատուկ ներքնակ է, եթե պատռեն, այլևս չի ծառայի»,-ասաց կինը։

Մանեն նշեց, որ մեկ ամսից ավելի է՝ դիմում են ներկայացրել, որ ամուսնու վիճակը վատթարացել է։ Տևական ժամանակ պայքարել է, որ ամուսինը բժշկական օգնություն ստանա և միայն հոկտեմբերի 13-ին Տիգրանին տեղափոխել են հիվանդանոց։ Նշենք, որ Տիգրանի խափանման միջոցը կալանքն է։

«Մենք վերաքննիչ դատարանին ներկայացրել էինք մեր բժշկական թղթերը, բայց մերժում ստացանք, ամուսինս շարունակելու է մնալ կալանքի տակ։ Հիվանդանոց է տեղափոխվել երեք ախտորոշմամբ, նոր ենք իմացել, որ ճողվածքից նման խնդիրներ են առաջացել, պետք է պատշաճ հետազոտվի»,-ասաց Մանեն։

Տիգրանը 4 անչափահաս երեխայի հայր է, որոնց խնամքն այս պահին Մանեն միայնակ է իրականացնում, իր խնամքին է նաև ամուսինը։ Խոսելով ամուսնու մասին, ասում է՝ նրա համար կա մի բարձր արժեք՝ իր երկիրը, իր հայրենիքը։

«Չգիտեմ, թե ինչ պետք է լինի, որ նա չպայքարի։ Իր համար անարդարությունը հայրենիքի նկատմամբ ամենացավալին է։ Ինքն ասում էր՝ պետք է պայքարել, նստել և ուղղակի նայել, դա դավաճանություն է երկրի հանդեպ։ Իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք»,-ասում է կինը։

Տիգրանը չի կարողանում ինքնուրույն հոգալ կենսական անհրաժեշտության կարիքները։ Ցավերն ավելի շատացել են։

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a Comment