
«Հրապարակումներ անողները որտեղի՞ց գիտեն, որ ես Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, շատ հետաքրքիր է՝ այդ ինչի՞ց են ենթադրություններ արել։ Ես մկրտված եմ, մկրտվել եմ Սուրբ Զորավոր եկեղեցում և Հայ առաքելական եղեղեցու հետևորդ եմ»,- այս մասին լրագորղների հետ ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ կիրակի ինքը ևս մասնակցել է Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցացած կեղծ պատարագին, որից հետո համացանցում ակտիվ շրջանառվում էին լուրեր, ըստ որոնց՝ նա Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։
Անդրադառնալով դիտարկմանը, որ քննարկվում էր նաև իր ամուսնու՝ Ավետարանչական եկեղեցու հետևորդ լինելու հանգամանքը՝ Ավանեսյանը նշեց․ «Իսկ այն, որ իմ ամուսինն ավետարանչական է, դա, կարծում եմ, այստեղ որևէ առնչություն չունի։ Այդ առումով ամենևին բախում չկա մեր միջև, հիանալի հարաբերություններ ունենք, ապրում ենք սիրով և խաղաղությամբ, ունենք 3 երեխա»։