Գյումրիում նախկին հիվանդանոցի շենքը կօտարվի դասական աճուրդով. մեկնարկային գինը՝ 324.4 մլն դրամ է

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 30–ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոց 25/9 հիվանդանոց հասցեում գտնվող շուկայական արժեքին մոտարկված  174 843 838.6 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 1968,67 քմ մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.4527 հեկտար մակերեսով հողամասի մասին է։

Նախատեսվում է գույքն օտարել դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը նախագծով սահմանվել է 2025 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 324 400 000 ՀՀ դրամ։

Նախագծով գնորդը պարտավորվում է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 733 966․8 ՀՀ դրամը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը)։

Նշենք, որ գույքը նախկինում արդեն ներկայացված է եղել օտարման՝ դասական աճուրդով, սակայն շարունակական աճուրդները չեն կայացել՝ հայտերի բացակայության պատճառով:

Գույքը միահարկ է, նախկինում հանդիսացել է հիվանդանոց, որը Շիրակի մարզպետարանի կողմից 2021–ի օգոստոսին հանձնվել է Պետգույքի կառավարման կոմիտեին։

Leave a Comment