Ադրբեջանն ու Միացյալ Թագավորությունը պաշտպանության ոլորտում 2026-2027 թվականների երկկողմ համագործակցության պլան են ստորագրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պաշտոնական հաղորդագրությունը՝ ուղեկցված ստորագրման արարողության լուսանկարներով, հրապարակվել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան X սոցիալական ցանցի էջում։
«Մենք ռազմավարական գործընկերության շրջանակում հպարտ ենք պաշտպանության ոլորտում մեր սերտ համագործակցությամբ և դրա դերով։ Սպասում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ ընդհանուր առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ»,- ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Բրիտանիայի՝ Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոյի ամբողջական վերացումը լայն հնարավորություններ է բացել պաշտպանության ոլորտում համագործակցության համար։ Երկու երկրների միջև խորացող հարաբերությունների մասին ադրբեջանական մամուլին պատմել է Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար Բոբ Բլեքմենը՝ նշելով, որ վերջին շրջանում աճել է ինչպես խորհրդարանական այցելությունների, այնպես էլ երկկողմ հանդիպումների և համատեղ նախաձեռնությունների թիվը թե՛ Լոնդոնում, թե՛ Բաքվում։
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Լոնդոնն ամբողջությամբ վերացնում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն: Մեծ Բրիտանիայի կողմից երկու երկրներին ռազմական տեխնիկայի մատակարարման սահմանափակումը գործում էր ավելի քան 30 տարի։
