250 բնակչով Մեդովկա գյուղում, որն ունի 6 առաջին դասարանցի, պետությունը 2 մլն ԱՄՆ դոլար վարկով նոր դպրոց է կառուցել, գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ գյուղում աշխատատեղ ունեն 15 տղամարդ, 60 տղամարդ էլ արտագնա աշխատանքի են և իրենց ընտանիքներին տեղափոխում են Ռուսաստան:
«Գյուղը լրիվ դատարկվում է: Հիմա հարց՝ 2 մլն $-ով ճիշտ չէ՞ր կառուցել արտադրություն և լիովին լուծել գյուղում աշխատանքի հարցը, որ մարդիկ մնային իրենց ընտանիքների գլխին, և գյուղը անհետացումից փրկվեր»,- նշում է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ դպրոցը կարելի էր լավ վերանորոգել ուղղակի այդ գումարից 10 անգամ քիչ գումարով ու ոչ վարկի հաշվին:
«Այսօր դպրոցը կառուցված է, բայց մարդիկ էլի գնում են, որովհետև ապրուստի տարբերակ չկա»,- եզրափակել է նա իր գրառումը:
Կարապետյանն օգոստոսի 4-ին առաջարկել էր Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ իրականացնել՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում:
«Մեր ձևով»-ն առաջարկել էր նաև Մեղրիի զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա։ Առաջարկել են նաև Գեղարքունիքի մարզի զարգացման նախագիծ՝ շեշտը դնելով Սևանում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին:
