Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման, այնտեղ ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են․ Մայր Աթոռ

Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, հայտարարել են Մայր Աթոռից

Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման, այնտեղ ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են․ Մայր Աթոռ


ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման, նշվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հայտարարության մեջ։ 


Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ, նշվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։ 


«Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման», – նշվում է հայտարարության մեջ։ 


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ հետամուտ են լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։ 


«Աղոթում ենք, որ Ամենակալ Տերն ապահով ու անվտանգ պահի մեր երկիրը և անսասան մեր Սուրբ Եկեղեցին։ Ամեն», – նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a Comment