Կառավարությունն Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրի համար 250 մլն դոլար վարկ կվերցնի

Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի նպատակով Հայաստանն Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) 250 մլն դոլար վարկ կվերցնի։ ՀՀ կառավարությունը Հայաստանի և ԱԶԲ-ի վարկային համաձայնագրի նախագծին հավանություն է տվել հոկտեմբերի 30-ի նիստում։

Նախագծով նախատեսվում է, որ պետությունը վարկը կարող է մարել 27 տարվա մընթացքում՝ 10 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի օգտագործման վերջնաժամկետը սահմանված է 2030-ի դեկտեմբերի 31-ը, իսկ մայր գումարի մարումները կմեկնարկեն 2035-ի դեկտեմբերից։

Նախարարությունից նշել են, որ ծրագիրը նպատակ ունի բարելավել տեղահանված ընտանիքների կենսապայմաններն ու ապահովել երկարաժամկետ լուծումներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագծում նշվում է, որ ծրագիրը ներառում է ավելի քան 3100 ընտանիք, որոնցից 1140-ն արդեն օգտվել է պետական աջակցությունից։ Նախարարության նախորդ նախագծում նշվում էր, որ ծրագրից օգտվել է 1102 ընտանիք։

Armenia Today-ին նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ ծրագրի շրջանակում հավաստագիր ստացած 1044 ընտանիքից քանիսն է իրացրել այն, քանիսն է բնակարան ու տուն գնել։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ 

Կարդացեք նաև՝ 

Արցախցիներն ինչպե՞ս կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու պետական աջակցությունից

«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը

Արցախցիների համար պետական ծրագրերը նվազում են, Սամվել Կարապետյանինը՝ շարունակվում․ «Մեր ձևով» շարժման անդամ

Leave a Comment