Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձախ-լիբերալ և ծայրահեղ աջ կուսակցությունները հավասար թվով մանդատներ են ստանում 

Քաղաքականություն

30.10.2025 | 13:28

Նիդերլանդների խորհրդարանական ընտրություններում Ռոբ Յեթենի գլխավորած ձախ-լիբերալ «Դեմոկրատներ 66» (D66) կուսակցությունը և Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ «Ազատության կուսակցությունը» (PVV), ձայների 90%-ի հաշվարկից հետո արձանագրված նախնական արդյունքներով, նոր խորհրդարանում հավասար թվով մանդատներ կստանան՝ 150-ից 26-ական, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, D66 կուսակցությունը, նախորդ ընտրությունների համեմատ, եռապատկել է արդյունքը։ Միևնույն ժամանակ, Ազատության կուսակցությունը զգալիորեն վատթարացրել է ցուցանիշները։ 2023 թվականի ընտրություններում Ազատության կուսակցությունը զբաղեցրել էր առաջին տեղը՝ ստանալով 37 տեղ:

Սպասվում է, որ Նիդերլանդներում կառավարական կոալիցիա կազմելը, կանխատեսումների համաձայն, դժվար կլինի։ Դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի 150 տեղերից 76-ը, ինչը հնարավոր է միայն չորս կուսակցությունների միավորման դեպքում։

Նիդերլանդներում ներկայիս քվեարկությունը դիտվում է որպես ծայրահեղ աջակողմյանների դիրքերը ամրապնդելու կարողության փորձություն։

Եվրոպական կլիմայի հարցերով նախկին հանձնակատար Ֆրանս Թիմերմանսի գլխավորած «Կանաչ ձախերի» և Լեյբորիստական կուսակցության կոալիցիայի թույլ ցուցանիշներն անսպասելի են։ Հարցումները կանխատեսում էին, որ այն կզբաղեցնի երկրորդ տեղը, սակայն այն զբաղեցրել է  ընդամենը չորրորդ տեղը՝ ստանալով  20 տեղ։ Թիմերմանսն արդեն հայտարարել է դաշինքի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին։

38-ամյա Ռոբ Յեթենը կարող է դառնալ Նիդերլանդների պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment