Կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում 2 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։
Աջակցություն կստանա 11 ընտանիք, յուրաքանչյուրին կտրամադրվի ամսական 300 հազար դրամ՝ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար։
Դիմումները կընդունվեն մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը, պետական բյուջեից կտրամադրվի 6,6 մլն դրամ։
Հոկտեմբերի 6-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։
