Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Արշակ Սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն էր ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության վերաբերյալ հաղորդում ուղարկել, դատախազությունն էլ այն ուղարկել էր Քննչական կոմիտե։

Հիշեցնենք՝ օրերս տելեգրամյան ալիքում հրապարակվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր։

Արշակ Սրբազանն արձագանքել էր տարածված տեսանյութերին՝ հայտարարելով. «Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը»։



Leave a Comment