Միջուկային անվտանգության ու պաշտպանության ամրապնդման համար Հայաստանին կհատկացվի 5 մլն եվրո

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց՝  համաձայնագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը, որի շրջանակներում Հայաստանին կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն՝ լուծելու մի շարք կարևոր հիմնախնդիրներ:

«2011 թվականի «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո հաշվարկվել են գոյություն ունեցող ատոմակայանների ռիսկային խնդիրները, և ըստ դրա կազմվել են սթրես թեստեր, թե հավանական վթարների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ, և հերթով այդ խնդիրների լուծման համար հատկացվում են միջոցներ: 5 մլն եվրո համաձայնագիրը վերաբերում է արդեն վթարի դեպքում առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալուն»,-ասաց Խուդաթյանը:

Նախարարը նշեց՝ Կառավարության հավանությանն արժանացած փաստաթուղթը 2024 թվականին ընդունված համաձայնագրի շարունակությունն է, որով Հայաստանին նշված նպատակի համար արդեն հատկացվել է 12․9 մլն եվրո՝ ուղղված ջրածնով պայմանավորված վթարների կառավարմանը: 5 մլն եվրո գումարի մի մասով սարքավորում է ձեռք բերվելու, որն իրականացնում է ջրածնի այրում: Այն տրամադրվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանին:

 

Leave a Comment