Ի՞նչ կաթ ընտրել և կաթնամթերք ընտրելիս ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել. պարզաբանում է սննդաբան Անի Աղոյանը (ՎԻԴԵՈ)

Սննդաբանը նաև ասել է, թե որ տարիքից պետք է երեխան կաթ խմի և ինչ չափաբաժնով. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Կաթը կամ, առհասարակ կաթնամթերքը երեխայի սննդակարգում շատ կարևոր նշանակություն ունի։ Այն ունի բարձր կենսաբանական արժեք, որի շնորհիվ օրգանիզմը կարողանում է ամբողջությամբ օգտագործել այն երեխայի աճի ու վերականգնման համար։


Սննդաբան Անի Աղոյանը «Նովոստի-Արմենիա»-ի News Armenia Stories Youtube-յան ալիքով հեռարձակված հարցազրույցի շրջանակում խոսել է երեխաների սննդակարգում կաթի կարևորության մասին:


«Կաթն ամենաարդյունավետ սպիտակուցային աղբյուրներից մեկն է մկանների և հյուսվածքների վերականգնման համար, պարունակում է կալցիում, որն օգտակար է ատամների ու ոսկորների ամրության համար, ինչպես նաև, վիտամիններ՝ ուղեղի և նյարդային համակարգի զարգացման համար»,-ասել է նա։


Հարցին, թե որ տարիքից պետք է երեխան կաթ խմի, սննդաբանն ասել է, որ մեկ տարեկանից բարձր երեխաներն իրենց սննդակարգում պետք է ներառեն կաթ։


«1-3 տարեկան երեխաների համար չափաբաժինը 400-500մլ է, 4-8 տարեկանների համար՝ 500-600մլ, իսկ 9-ը և ավելի բարձր տարիքի երեխաների համար օրական չափաբաժինը կազմում է 700մլ։ Օրվա կտրվածքով այս չափաբաժնով կաթ խմելն ապահովում է նորման սպիտակուցի և կալցիումի ընդունման տեսանկյունից»,-ընդգծել է Աղոյանը։


Իսկ թե ինչ կաթ պետք է ընտրել, սննդաբանը կարևորել է բարձրորակ ֆերմայից ստացված, պաստերացված կաթի ընտրությունը։


«Այն պարունակում է ավելի հագեցած ճարպաթթուներ և ունի լավ համ։ Եթե կովը սնվել է բնական, առանց հորմոնների խոտով, ապա կաթում պարունակվող Օմեգա 3-ը, ճարպաթթուներն ու վիտամին E-ն ավելի բարձր են»,-ասել է նա՝ կարևորելով, որ կաթը պետք է իրացվի ապակյա շշերով։


«Պլաստիկ շշերը կարող են արձակել քիմիական նյութեր, ինչպես նաև՝ միկրոպլաստիկներ»,-ընդգծել է նա։


Մանրամասները՝ տեսանյութում։




 

Leave a Comment