Պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2026թ-ի բյուջեն

Պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2026թ-ի  բյուջեն

ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 29-ին շարունակվել են «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

»Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի բյուջեի նախագիծը բաղկացած է մեկ՝ «Սահմանադրական դատարանի գործունեության ապահովում» ծրագրից, որն իրենից ենթադրում է երկու՝ «Սահմանադրական դատարանի գործունեության ու սահմանադրական արդարադատության ապահովում» եւ «Սահմանադրական պահուստային ֆոնդե միջոցառումները»,- այս մասին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման համտեքստում ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Արմեն Հարությունյանը:

Ծրագրի բյուջեն ընդհանուր առմամբ կազմում է 912 մլն 367 հազար դրամ, որից 894 մլն 477 հազար դրամը կուղղվի զուգահեռաբար առաջին, իսկ 17 մլն 889 հազար դրամը ՝ երկրորդ միջոցառումների իրականացմանը:

«Ներկայացվածից հստակ երեւում է, որ բյուջեի շուրջ 90 տոկոսն ուղղված է աշխատավարձերի ֆոնդին, իսկ 10 տոկոսը՝ այլ ծախսերին»,- նշել է ՍԴ աշխատակազմի ղեկավարը:

Բարձրագույն դատական խորհրդի բյուջետային հայտը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը:

Ըստ այդմ՝ ԲԴԽ-ի եւ դատարանների 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման, կազմում է շուրջ 16 մլրդ 8 մլն դրամ, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել 22 միջոցառում:

2026 թվականի բյուջետային հայտով դատական իշխանության կողմից ներկայացվել է շուրջ 18 մլրդ 9 մլն դրամի ֆինանսավորման հայտ, սակայն նախագիծը պակաս է հայտից շուրջ 2 մլրդ 1 մլն դրամով կամ 10.9 տոկոսով:

«Հայտի եւ նախագծի միջեւ առկա տարբերություններով հանդերձ, ներկայացված նախագծի վերաբերյալ առարկություններ եւ անհամաձայնություններ չունենք»,- ամփոփելով զեկույցը՝ նշել է Նաիրի Գալստյանը:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի տեղեկացմամբ նախարարությանը 2026 թվականին նախատեսված է հատկացնել 24 մլրդ 3 մլն 233 հազար դրամ, որը մոտ 850 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումից: Նախարարությունը կապիտալ ծախսերի համար կօգտագործի 409 մլն 789 հազար դրամ:

Նախարարությունը գալիք տարում կիրականացնի 7 ծրագիր:

Սրբուհի Գալյանը մանրամասն ներկայացրել է իրականացվելիք ծրագրերն ու համակարգում ընթացող բարեփոխումները:

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը հայտնել է, որ 2026 թվականին կառույցին նախատեսվել է հատկացնել 10 մլրդ 638 մլն 660 հազար դրամ, որի միջոցով նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռոբերտ Բազիկյանն էլ տեղեկացրել է, որ կառույցը գալիք տարում իրականացնելու է 1 ծրագիր, որի համար հատկացվելու է 1 մլրդ 102,5 մլն դրամ: Ընթացիկ տարվա համեմատ ֆինանսական հատկացման չափն  ավելացել է 18 տոկոսով՝ պայմանավորված կառույցում հաստիքների ավելացմամբ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հաջորդիվ  հայտնել է, որ կառույցը 2026 թվականին կիրականացնի 2 ծրագիր, որոնց համար նախատեսված է հատկացնել 405 մլն 693 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ բյուջետային հատկացումը կրճատվել է ընդամենը 15 հազար դրամով:

Գալիք տարվա բյուջետային հատկացումներին, իրականացվելիք ծրագրերին անդրադարձել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նշվել է, որ 2026 թվականին կառույցին նախատեսված է հատկացնել մոտ 7 մլրդ 568 մլն դրամ:

Վահագն Հովակիմյանի խոսքով 2026 թվականին  հանրապետության 70 համայնքներից 46-ում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ,  լինելու են նաեւ խորհրդարանական ընտրություններ:

ԿԸՀ նախագահը նշել է, որ կառույցը հավելյալ 30 մլն դրամի կարիք ունի՝ կոնֆերանսի իրականացման համար:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Նիստն ընդմիջվել է: Այն կշարունակվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 9:00-ին: Կքննարկվեն Քննչական եւ Հակակոռուպցիոն կոմիտեների վերաբերյալ բյուջետային հատկացումները։

Leave a Comment