29 հոկտեմբերի 2025 – 16:23 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ-ում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստի ժամանակ բողոքի ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն Հայաստանում կալանավորվածների և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների։ Ակցիայի մասնակիցները փորձել են իրենց ձայնը լսելի դարձնել եվրոպացի խորհրդարանականների համար։
Նախաձեռնությունը ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցներին է, որին միացել են նաև այլ քաղաքական ուժերի և հասարակական միավորումների երիտասարդներ։ Մասնակիցները նշել են, որ չի կարելի լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այլապես այդ լռության գինը «երկրում քաղբանտարկյալների թվի ավելացումն է դառնալու», հայտնում է Sputnik Արմենիան։
«Ով չի ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծն ու համարում է նրա գործողությունները ոչ հայանպաստ, հայտնվում է բանտում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ թեպետ նախօրեին էլ ականատես եղան, որ կան եվրոպացի պաշտոնյաներ, որոնք բացահայտ կշտամբում են ՀՀ իշխանություններին իրենց գործողությունների համար, սակայն պետք է հասնել նրան, որ դա լինի ոչ թե մեկ կամ երկու պատգամավորի, այլ կառույցների քաղաքական գնահատականը։
«Հայաստանում խոշտանգում են քաղաքական գործիչներին, չկա խոսքի ազատություն, և դատարանները կատարում են քաղաքական որոշումներ»,- ասել է Դանիելյանը։
Ակցիայի մասնակիցները պարզել էին «Սրբազան պայքարի» կալանավորված մասնակիցների, Արագածոտնի և Շիրակի թեմի առաջնորդների լուսանկարներով։
«Եվրանեսթի» պատվիրակները դուրս են եկել Ազգային ժողովի շենքից, որից հետո ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանն անգլերեն ելույթով դիմել է եվրոպացի խորհրդարանականներին։
«Ես շատ կարճ հարց ունեմ՝ արդյոք երկակի ստանդարտներն ավելի՞ կարևոր են ձեզ համար, քան թե խոսքի ազատությունը, արդյոք նեղ քաղաքական շահերն ավելի՞ կարևոր են ձեզ համար, քան թե արժեքներն ու իրավունքները…»,- ասել է Մկրտչյանը։
Նա նշել է որ որպես ակտիվ քաղաքական գործիչ վերջին 7 տարիներին տեսել է հարյուրավոր հետապնդումներ միայն մեկ պատճառով․ նրանք համարձակվել են քննադատել Նիկոլ Փաշինյանին և կառավարության գործողությունները։
«Եվ դուք ոչինչ չեք արել։ Դուք նախապատվությունը տվել եք Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ մարդու իրավունքների և արժեքների փոխարեն։ Մենք կիսում ենք եվրոպական արժեքներն ու եվրոպական ժողովրդավարությունը, բայց ոչ ձեր երկակի ստանդարտներն ու նեղ քաղաքական շահերը»,- ասել է Մկրտչյանը՝ դիմելով եվրոպացիներին։
Նա կոչ է արել եվրոպացի խորհրդարանականներին՝ վերջապես լսել իրենց ձայնն ու արձագանքել։
«Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը միացել է գործընկերոջ կոչին՝ ի վերջո հստակ գնահատականներ տալ և վերջ դնել այս իշխանությունների գործելաոճին։
Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը հոկտեմբերի 28–ին ասել էր․ եթե մարդիկ ՀՀ–ում իրենց կարծիքի համար են դատվել, օրինակ, սոցիալական ցանցերում գրառումների համար, պետք է զգույշ լինել։ Նա ընդգծել է, որ ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար։
«Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունենում, երբ սկսում եք մեղադրել, հետապնդել մարդկանց պարզապես սոցիալական ցանցերում ինչ-որ բան գրելու համար»,- ասել էնա։