Լեհաստանը հայտարարել է, որ Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ է որսացել

Քաղաքականություն

29.10.2025 | 15:34

Լեհաստանի ԶՈւ-ի պարեկային ՄիԳ-29 կործանիչները վիզուալ նույնականացրել, որսացել և ուղեկցել են Բալթիկ ծովի վրայով թռչող ռուսական Իլ-20 ինքնաթիռը իրենց պատասխանատվության գոտուց։ Այս մասին հայտնել է Լեհաստանի օպերատիվ հրամանատարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լեհական կողմի պնդմամբ՝ ռուսական ինքնաթիռը հետախուզական առաքելություն է իրականացրել միջազգային օդային տարածքում՝ անջատված տրանսպոնդերով, և չի ներկայացրել թռիչքի պլանը։

«Ինքնաթիռը չի խախտել Լեհաստանի օդային տարածքը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում անհայտ անօդաչու թռչող սարքեր բազմիցս հայտնվել են Լեհաստանի և ՆԱՏՕ-ի այլ երկրների օդային տարածքում՝ խաթարելով նաև միջազգային օդանավակայանների գործունեությունը։

Սեպտեմբերի 19-ին Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչներ առանց թույլտվության մտել են Էստոնիայի օդային տարածք Ֆինլանդական ծոցի վրայով և այնտեղ մնացել 12 րոպե։ Ի պատասխան՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան հանձնել բողոքի նոտա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ  օդային տարածքը չի խախտվել։

Որոշ դիտորդներ նման միջադեպերը կապում են հիբրիդային պատերազմի հետ, որը, նրանց կարծիքով, Ռուսաստանը վարում է Արևմուտքի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment