Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված ավիահարվածների հետևանքով հոկտեմբերի 28-ի երեկոյից ի վեր զոհվածների թիվը հասել է 104-ի, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Գազայի հատվածի առողջապահության նախարարությանը։
Նախարարության տվյալներով՝ զոհերի թվում կա 46 երեխա և 20 կին։ Վիրավորվել է 253 պաղեստինցի։
Նշվում է, որ Իսրայելի ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է Գազայի արևմուտքում գտնվող ալ-Շատի ճամբարի մի ամբողջ թաղամաս՝ պատճառելով զգալի մարդկային կորուստներ։
Հոկտեմբերի 28-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Նա այս որոշումը կայացրել էր զինվորականների հետ հանդիպման ժամանակ, երբ ՀԱՄԱՍ-ը, ըստ Իսրայելի, խախտել էր հրադադարը՝ կրակելով իսրայելական զորքերի վրա Գազայի հատվածի հարավային Ռաֆահ տարածքում։ ՀԱՄԱՍ-ը հերքել էր Ռաֆահի միջադեպին իր մասնակցությունը՝ հայտարարելով, որ հավատարիմ է մնացել հրադադարի համաձայնագրին։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության էին եկել Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել:
