Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն գյուղացիները, այլև հարակից համայնքների բնակիչներ․ 3-ամյա Տիգրանից նորություն չկա

Ծափաթաղում նախօրեին կորած երեք տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը։

Նրա խոսքով՝ արդեն երեք օր է որոնումները շարունակվում են, սակայն առայժմ որևէ նորություն չկա։

«Երեխայի անհետացման վերաբերյալ այս պահին որևէ վարկած չկա։ Տան անմիջական հարևանությամբ գետ չկա, իսկ լիճը գտնվում է մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Ամեն հնարավոր տեղ փնտրում ենք։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն գյուղացիները, այլև հարակից համայնքների բնակիչներ»,- ասել է Գզողյանը։

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ որոնողական աշխատանքներին ներգրավված է ոստիկանության 100 և փրկարար ծառայության 212 աշխատակից։

«Աշխատանքներն իրականացվում են յոթ ուղղությամբ, օգտագործվում է վեց ամենագնաց և այլ տեխնիկական միջոցներ»,- ասված է հայտարարության մեջ։

Քննչական կոմիտեն էլ ABC Media-ին  հայտնել է, որ երեք տարեկան Տիգրան Օվանեսովի անհետացման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոը հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել է։

Leave a Comment