
«Գերատեսչությունների կողմից ուղարկված գրությունների որակին հետևո՞ւմ եք»,- ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Խաչատրյանը մի քանի օրինակ բերեց՝ մատնանշելով հարցումների ոչ պատշաճ պատասխանների օրինակները․ «Հարցում եմ ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե Երասխ-Սադարակ հատվածի ապաշրջափակման վերաբերյալ առաջարկին ի՞նչ են պատասխանել Ադրբեջանից։ ԱԳՆ նախարարի տեղակալից եմ ստացել պատասխանը. փոխանակ թղթերը ներկայացնի, ասում է՝ Երևանյան երկխոսության ծրագրում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, առաջարկում եմ դիտել ելույթը։ Կամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ես տալիս, թե ՀՀ տարածքից ադրբեջանցիները ե՞րբ են տարածք գրավել և ամեն մի բնակավայրից քանի՞ քկմ, ուղարկում է Ազատության ռադիոկայանի մի ռեպորտաժ, մնացածի մասով էլ ասում է՝ մեկնաբանություն չունեմ։ Ես մեկնաբանություն չէի խնդրել, այլ կոնկրետ տվյալներ»,- ասաց Խաչատրյանը՝ կատակելով, թե փոխվարչապետը ո՛չ քաղաքական մեկնաբան է, ո՛չ էլ՝ սպորտային։ Պատգամավորը հորդորեց խստացնել գերատեսչությոնների և վարչապետի աշխատակազմի կողմից ուղարկվող գրությունների որակի վերահսկողությունը։