Երրորդ օրն է՝ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, հոկտեմբերի 27-ից անհետ կորած համարվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

ՆԳՆ-ից հավելել են, որ հոկտեմբերի 29-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ոստիկանության 100 և փրկարար ծառայության 212 ծառայող, ինչպես նաև կամավորներ՝ տարբեր բնակավայրերից։

Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում են 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։ ՆԳՆ-ից քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Երեխան կորել էր հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում։ Քննչական կոմիտեն նրա անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։

Leave a Comment