Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը շարունակում են որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովին հայտնաբերելու նպատակով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն։
ՆԳՆ հաղորդմամբ՝ որոնումները շարունակվում են պետական մարմինների և կամավորների լայն ներգրավվածությամբ։
Միաժամանակ, գերատեսչությունը զգուշացնում է, որ տարածվում են չհաստատված տեղեկություններ, որոնք կարող են վնասել ինչպես որոնողական գործընթացին, այնպես էլ երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։
«Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։ Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-ընդգծում է ՆԳ նախարարությունը։
Հոկտեմբերի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում փոքրիկ Տիգրանն անհետ կորել է, երբ դրսում խաղում էր իր 5 տարեկան եղբոր հետ։ Երեխան՝ Արմեն Օվանեսովի և Փառանձեմ Վաթյանի ընտանիքի հինգերորդ երեխան, մինչ այժմ չի հայտնաբերվել։