Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Խոսեպ Մարտինեսը ներգրավված է եղել մահացու ավտովթարի մեջ, որի հետևանքով զոհվել է 81-ամյա տղամարդ՝ գտնվելով էլեկտրական անվասայլակի մեջ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ ժամը 09:40-ի սահմաններում, Կոմո նահանգի Ֆենեգրո քաղաքում։ Տարեց տղամարդը, ով շարժվում էր բնակելի թաղամասում, բախվել է մեքենային, որը վարում էր 27-ամյա ֆուտբոլիստը՝ ուղևորվելով մարզման։ Չնայած շտապօգնության աշխատակիցների և հենց Մարտինեսի կողմից ցուցաբերված առաջին օգնությանը՝ տղամարդը մահացել է տեղում։ Ֆուտբոլիստը ֆիզիկապես չի տուժել, սակայն գտնվել է շոկային վիճակում։
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները և մեղավոր կողմին։ Նախնական տվյալներով՝ տարեց տղամարդը հանկարծակի իրեն վատ է զգացել, կտրուկ փոխել է ուղղությունը և հայտնվել է Մարտինեսի վարած մեքենայի առջև։
Ողբերգության կապակցությամբ «Ինտերը» չեղարկել է թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի նախատեսված մամուլի ասուլիսը՝ Սերիա Ա-ի «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումից առաջ։
27-ամյա Խոսեպ Մարտինեսը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Սերիա Ա-ի երկու խաղի։ Թիմի հիմնական դարպասապահը 36-ամյա շվեյցարացի Յան Զոմերն է։