Պետական քաղաքականությունների միջոցով հնարավոր է ձևավորել նորարարական էկոհամակարգ․ Մխիթար Հայրապետյան

ԲՏԱՆ-ը ներկայացրել է նախարար Մխիթար Հայրապետյանի՝ Forbes ամսագրում երկրորդ հոդվածից հատված․

«Հանրահայտ Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որտեղ ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես փոքր, սակայն տեխնոլոգիական մեծ ներուժ ունեցող երկիր։

Ընդգծել է, որ պետական քաղաքականությունների միջոցով հնարավոր է ձևավորել նորարարական էկոհամակարգ, որը կխթանի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը։

Հոդվածում նախարարը վերլուծում է, թե ինչպես են տարբեր երկրներ, կիրառելով արդյունավետ հարկային քաղաքականություն և տեխնոլոգիական խթաններ, ձևավորում նորարարական տնտեսություններ և արագացնում արհեստական բանականության (ԱԲ) և գիտական հետազոտությունների (R&D) զարգացումը։ Նա նշում է, որ հարկային արտոնությունները դարձել են ոչ միայն ներդրումների խրախուսման միջոց, այլև ռազմավարական գործիք՝ գիտական և տեխնոլոգիական առաջընթացը խթանելու համար։

Նախարար Հայրապետյանն իր հոդվածում անդրադարձ է կատարել Հայաստանի նոր տեխնոլոգիական ռազմավարությանը՝ ներկայացնելով պետական աջակցության այն ծրագրերն ու հարկային արտոնությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականից։ Դրանց թվում են տաղանդների ներգրավման և վերապատրաստման խրախուսումը, փոքր տեխնոլոգիական բիզնեսների համար շրջանառության հարկի նվազեցումը, ինչպես նաև գիտահետազոտական թիմերի համար հարկային ծանրաբեռնվածության զգալի թեթևացումը։

Ընդգծել է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ արհեստական բանականության և կիսահաղորդչային նորարարությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը կարևոր քայլ է երկրի ԱԲ ներուժի զարգացման ուղղությամբ»։

Leave a Comment