Մենք թույլ չենք տա Ռուսաստանին մեզ ցույց տալ, թե ինչպես փրկել Հայաստանը, մենք բավականաչափ փրկիչներ ունենք, հայ ժողովուրդը Հայաստանից դուրս փրկիչների կարիք չունի։ Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ Արևելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նիստի ժամանակ, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Մենք Հայաստանում նույնպես օրինաչափություններ ենք տեսնում՝ հիբրիդային հարձակումների մասով, որոնց մասին խոսում էր Մոլդովան», – ասել է նա։
Պատասխանելով Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկումներին, նա վստահեցրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ «2018 թվականից ի վեր Հայաստանը փոխզիջման չի գնում կոռուպցիայի և ինքնիշխանության սպառնալիքների հետ», – ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվել է և Հայաստանի ու Ադրբեջանի միջև շատ փխրուն խաղաղություն է հաստատվել։ Պատգամավորը հավելել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ խաղաղությունը կայուն լինի։
«Միաժամանակ, մնում են բազմաթիվ չլուծված հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող անձանց և անհայտ կորածների հարցը», – նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը և TRIPP ծրագրի իրականացումը ոչ միայն Հայաստանը, այլև Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնեն ԵՄ-ին։ «Սա անվտանգության արժեքավոր երաշխիք է տարածաշրջանում», – եզրափակել է Խանդանյանը։