
2025-ին կայացվեց որոշում, համաձայն որի՝ այն ավիաընկերությունները, որոնք պատրաստակամություն կհայտնեն բազավորվել Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդնավակայաններում և նոր ուղղություններից փոխադրումներ կիրականացնեն վերոնշյալ օդանավակայաններ այն պայմանով, որ 1 նոր ուղղություն պարտադիր պետք է ունենան Գյումրիի «Շիրակ» օդանավակայնից, այդ ավիաընկերությունների համար 2 տարեկանից բարձր տարիքի ուղևորների մասով տեղափոխումը դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան 1 անձի հաշվարկով կսուբսիդավորվի 20 հազար դրամով, դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան՝ 15 հազար դրամով: Այդ մասին Կառավարության որոշումը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հիշեցրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ապա ներկայացրեց 2026 թվականի համար այդ մասով բյուջետային հատկացումները:
«2026 թվականի պետական բյուջեում առաջին անգամ 3 մլրդ դրամ գումար է հատկացվել այս սուբսիդավորումն իրականացնելու համար:
Ծրագիրը բաց է բոլոր ավիաընկերությունների համար՝ առանց բացառության, որոնք կկատարեն այդ պայմանները՝ մասնավորապես, բազավորման, նոր ուղղությունների և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչք ունենալու մասով»,- ասել է նախարարը: