Ջրային կոմիտեի նախագահը Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում էր․ ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը


Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը և ՋԿ նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը աշխատանքային այցով Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում էին։


 


Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Ախուրյան և Արաքս գետերի, ինչպես նաև մի շարք ներկա և ապագա ջրամբարների ու ջրանցքների տեխնիկական վիճակին, շահագործման գործընթացներին ու առկա խնդիրներին։


 


Շիրակի մարզում Ղալամքարյանը և Նալբանդյանը եղել են Ախուրյանի ջրամբարում, որտեղ ջրամբարի շահագործման հայ-թուրքական մշտական հանձնաժողովի ՀՀ պատասխանատուների ուղեկցությամբ շրջել են ջրամբարի տարածքով, քննարկել ընթացիկ խնդիրները և առկա ֆինանսավորման պայմաններում դրանց լուծման հնարավորությունները։ 


 


Ախուրյան գետի ափամերձ շրջանում պաշտոնյաները դիտարկել են գետի հունը, ներկայում չօգտագործվող ջրանցքը և ափամերձ գոտու որոշակի հատվածներ։ Մասնագետների կողմից առաջարկվել է ուսումնասիրել ոռոգման ջուրը նշված տարածքներից Հանրապետության այլ շրջաններ տեղափոխելու, ինչպես նաև սահմանամերձ գոտու հայաստանյան հատվածում ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման տարբերակներ։


 


Այնուհետև աշխատանքային այցը շարունակվել է Արագածոտնի մարզում, որտեղ Ղալամքարյանը և Նալբանդյանը հանդիպել են Թալինի ջրօգտագործողների ընկերության տնօրեն Անդրանիկ Սափեյանի և այլ պատասխանատուների հետ։ 


 


Քննարկվել են ջրային համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման և հավաքագրումների ավելացման, ոռոգման ցանցերի արդիականացման և կորուստների նվազեցման հնարավոր ուղիները։


 


Արմավիրի մարզում Կոմիտեի ղեկավար կազմն այցելել է նաև Արմավիրի մայր ջրանցքի գլխամաս (Սարդարապատի հիդրոհանգույց), Արաքս գետի ափամերձ շրջան, ինչպես նաև Շենիկ ՋՕԸ-ի Ղարաղալա-2 պոմպակայան։ 


 


Քննարկվել են ոռոգման ջրի գոյություն ունեցող ծավալների նպատակային հատկացումը ջրօգտագործողներին, վերահսկողական գործիքակազմի առավել արդյունավետ կիրառումը և մոնիթորինգի շարունակական իրականացումը, առանձնացվել են հրատապ լուծումներ պահանջող հարցերը, նախանշվել՝ դրանց հասցեագրման ժամկետները և պատասխանատուները։

Դիտումների քանակ11

Leave a Comment