Չեռնոգորիայում անկարգություններից հետո Թուրքիայի և Ադրբեջանի տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել․ կառավարությունը հայտարարել է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի դադարեցման մասին

Քաղաքականություն

27.10.2025 | 17:52

Չեռնոգորիայի ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի և Ադրբեջանի  տասնյակ քաղաքացիների հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո, հաղորդում է Reuters-ը, փոխանցում է The Insider-ը։

Հակաթուրքական բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Պոդգորիցայում տեղի բնակիչ է դանակահարվել օտարերկրացիների խմբի հետ վիճաբանության արդյունքում: Հարձակման կասկածանքով ձերբակալվել է երկու անձ՝  Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ:

Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը հայտարարել է, որ կառավարությունը ժամանակավորապես կդադարեցնի Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը։

Reuters-ը նշում է, որ կիրակի տասնյակ չեռնոգորցիներ դուրս են եկել փողոցներ՝ ջարդելով թուրքական համարանիշներով մեքենաներ և հարձակվելով թուրքերի խմբի վրա: Հետագայում ոստիկանությունը ձերբակալել է Չեռնոգորիայում անօրինական գտնվելու մեջ կասկածվող Թուրքիայի և Ադրբեջանի 45 քաղաքացիների: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածներից յոթը տուգանվել են, իսկ ութին հրամայվել է լքել երկիրը։

Չեռնոգորիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ երկրում մշտապես կամ ժամանակավորապես գրանցված է մոտավորապես 100,000 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ 13,000 թուրք (Չեռնոգորիայի բնակչությունը կազմում է 620,000-ից մի փոքր ավելի):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment