Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եգիպտացի փրկարարական խմբին տեղեկատվություն է տրամադրել Գազայի հատվածում սպանված պատանդների մարմինների գտնվելու վայրի մասին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «Ալ Արաբիային»։
Հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում, թե քանի իսրայելցի պատանդի մարմին կարող է լինել ՀԱՄԱՍ-ի կողմից նշված տարածքներում։
ՀԱՄԱՍ-ի խոսնակը նաև նշել է, որ «պատանդների մարմինների հանձնման գործընթացն ավարտելու միակ խոչընդոտը մասնագիտացված սարքավորումների և մեխանիզմների բացակայությունն է»։
Որոշ ժամանակ առաջ Եգիպտոսից փրկարարների և ռազմական մասնագետների մի խումբ մտել է Գազա՝ մասնակցելու զոհված իսրայելցի պատանդների մարմինների որոնման և վերադարձման գործողությանը։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկը հայտարարել էր, որ շարժումը մտադիր է Իսրայելին հանձնել Գազայի հատվածում գտնված բոլոր պատանդների մարմինները։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության էին եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնը հրապարակել էր 20 կետից բաղկացած խաղաղության առաջարկ՝ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել: Չնայած հրադադարին՝ հոկտեմբերի 14-ին պաղեստինցիներ էին զոհվել:
Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահը հավերժ ու կայուն խաղաղություն էր խոստացել Մերձավոր Արևելքում, որտեղ պատերազմը մեկնարկել էր գրեթե 2 տարի առաջ: Հակառակ դեպքում՝ ԱՄՆ նախագահն սպառնացել էր ուժով զինաթափել ՀԱՄԱՍ-ին։
