Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բանավոր հրավիրել են մասնակցելու հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական գագաթաժողովին։
«Պաշտոնական հրավերները դեռ չեն ուղարկվել, սակայն բանավոր հրավիրել ենք»,– նշել է նախարարը։
Հարցին, թե ինչպես հասարակությունը կընդունի նման հրավերը, Միրզոյանը պատասխանել է․
«Եղել է հակամարտություն, հեղվել է արյուն, և մեր սերունդը մեծացել է այն իրականության մեջ, որտեղ այդ մարդիկ ընկալվել են որպես թշնամիներ։ Սակայն խաղաղություն հաստատվում է ոչ թե բարեկամների, այլ թշնամություն ունեցող ժողովուրդների միջև։ Մենք արդեն լուրջ քայլեր ենք արել այդ ուղղությամբ, բայց դեռ պետք է աշխատենք փոխվստահության և հոգեբանական խոչընդոտների հաղթահարման վրա»։
Միրզոյանը նաև հավելել է, որ Թուրքիայի նախագահի այցը Երևան հնարավոր է, որքան էլ այսօր դա անհավանական թվա․
«Երբևէ չէր պատկերացվում վարչապետ Փաշինյանի այցը Անկարա, բայց դա տեղի ունեցավ։ Այսօր էլ կարող է դժվար թվալ, սակայն մեկ-մեկուկես ամիս անց իրավիճակը կարող է փոխվել»,– նշել է ԱԳ նախարարը։