Հայաստանը թվայնացման օրակարգին զուգահեռ փոխակերպվում է և այս առաջընթացը բերում է նաև նոր մարտահրավերներ. Գևորգ Մանթաշյան


Հոկտեմբերի 26-ին ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «ԿիբեռԱմիս 2025»-ի շրջանակում անցկացվող Ուսանողական ազգային կիբեռվարժանքի եզրափակիչ փուլին։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը:


Եզրափակչում հանդես են եկել ընտրված 60 ուսանողներ, որոնք փորձարկել են իրենց գիտելիքներն ու թիմային հմտություններն իրական կիբեռսցենարների պայմաններում։


Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ այս կիբեռվարժանքը միավորում է Հայաստանի ապագա կիբեռպաշտպաններին՝ իրենց գիտելիքները զարգացնելու, հմտությունները կատարելագործելու և թվային աշխարհն առաջնորդելու նպատակով։


Նրա խոսքով՝ կիբեռվարժանքը ոչ միայն մրցույթ է, այլև հնարավորություն՝ գիտելիքը գործնականում կիրառելու, նոր հմտություններ ձեռք բերելու և ձևավորելու այն թիմային ոգին, որն անհրաժեշտ է թվային անվտանգության ամրապնդման համար։


«Հայաստանը թվայնացման օրակարգին զուգահեռ փոխակերպվում է և այս առաջընթացը բերում է նաև նոր սպառնալիքներ և մարտահրավերներ, որոնցից պետք է պաշտպանել յուրաքանչյուր համակարգ։ Այդ իսկ պատճառով կիբեռանվտանգությունը պետք է լինի առաջնահերթություններից մեկը։ Այն այլևս ոչ միայն տեխնիկական պահանջ է, այլև հանրային վստահության հիմք»,- ընդգծել է Գևորգ Մանթաշյանը։


Իր խոսքում նախարարի առաջին տեղակալը նաև նշել է, որ կիբեռվարժանքի արդյունքում կձևավորվի Հայաստանի ազգային ուսանողական կիբեռթիմը, որը 2026 թվականին կներկայացնի Հայաստանը Եվրոպական կիբեռանվտանգության մրցույթում (European Cybersecurity Challenge, ECSC):


Նշենք, որ Ուսանողական ազգային կիբեռվարժանքն իրականացվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ)  նախաձեռնությամբ՝ ներգրավելով Հայաստանի տարբեր համալսարանների ավելի քան 200 ուսանողի։

Դիտումների քանակ3

Leave a Comment