ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուր։ Սա նրա ասիական երկրներով մեկշաբաթյա շրջագայության առաջին կանգառն է, որի ընթացքում նա կմասնակցի երկու տարածաշրջանային կազմակերպությունների (ԱՍԵԱՆ՝ Մալայզիայում և ԱԽՏՀ՝ Հարավային Կորեայում) գագաթնաժողովներին, ինչպես նաև կայցելի Ճապոնիա։ Նրա ուղևորության գագաթնակետը, ինչպես սպասվում է, կլինի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը։
Այս շրջագայության ընթացքում Թրամփն արդեն հասցրել է ամրապնդել «խաղաղաբեր», «խաղաղարար» նախագահի իր տիտղոսն ու հընթացս, «ճանապարհին» ևս մեկ խաղաղություն թղթի վրա ամրագրել:
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Սպիտակ տան ղեկավարի ներկայությամբ Թայլանդի և Կամբոջայի առաջնորդները ստորագրել են երկու երկրների միջև համաձայնագիր, որը Թրամփն անվանել է «խաղաղության համաձայնագիր»՝ նշելով, որ այն նպատակ ունի դադարեցնել ռազմական հակամարտությունը։
Ինչ է ներառում համաձայնությունն ու արդյո՞ք այն իսկապես «հույժ խաղաղաբեր» է
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ նախագահն է պնդել այս արարողությունը անցկացնել ԱՍԵԱՆ գագաթնաժողովի ժամանակ։
Բանն այն է, որ Թրամփը նպաստել է այս ամռանը թայլանդա-կամբոջական սահմանին մարտական գործողությունների դադարեցմանը, և նա այս պատերազմը ներառում է այն ութ պատերազմների շարքում, որոնք, ինչպես պնդում է, դադարեցրել է։
BBC-ն գրում է, որ փաստաթուղթը ստորագրելուց առաջ Թայլանդի և Կամբոջայի առաջնորդները նախընտրել են այն չանվանել «խաղաղության համաձայնագիր»։ Փաստաթղթի պաշտոնական վերնագիրը շատ ավելի զուսպ է՝ «Հարաբերությունների վերաբերյալ համատեղ հռչակագիր»։
Մամուլում արտահոսած տեղեկությունների համաձայն՝ փաստաթղթում ուրվագծվում են միայն հակամարտության լիցքաթափման սկզբնական քայլերը, այդ թվում՝ ծանր զինամթերքի դուրսբերումը և սահմանների սահմանազատման ու ականազերծման համատեղ գործողություններ։
Համաձայնագիրը սահմանում է երկու հարևանների միջև վերականգնված համագործակցության շրջանակը։ Այն ներառում է չորս հիմնական պարտավորություն՝
- վիճելի տարածքների ականազերծում,
- սահմանային տարածքներից ծանր հրետանու դուրսբերում,
- միջազգային հանցագործության դեմ պայքարում համակարգման ամրապնդում,
- քաղաքացիական բնակչության տեղաշարժի կառավարում և սահմանի երկայնքով անվտանգության ապահովում։
Թայլանդը և Կամբոջան ի սկզբանե համաձայնել են հրադադարի մասին հուլիսի 28-ին՝ Թրամփի, Մալայզիայի առաջնորդ Անվարի և չինացի դիվանագետների միջամտությունից հետո, սակայն Թրամփը ստանձնել է ամբողջ վաստակը՝ սոցիալական ցանցերում իրեն անվանելով «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ նախագահ», իսկ հոկտեմբերի 26-ին խաղաղության համաձայնագրի ստորագրումը Թրամփն անվանել է «մեծ քայլ»։
Malay Mail-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը չի անդրադառնում տարածքային վեճի կոնկրետ մանրամասներին, որը տասնամյակներ շարունակ հանգեցրել է բռնության բազմաթիվ բռնկումների։ Ընդհակառակը, Թրամփի մեկնաբանությունները համաձայնագիրը ներկայացնում են որպես հակամարտության գլոբալ ավարտ:
Հիշեցնենք՝ մեկ դարից ավելի է, ինչ Թայլանդը և Կամբոջան վիճարկում են այն տարածքների պատկանելությունը, որոնց վրա գտնվում են Քմերական կայսրության հին տաճարներ Պրեահ Վիհերը և Տա Մոան Թոմը։
Գլխավոր կանգառը՝ Չինաստան և ԱՍԵԱՆ գագաթնաժողով, գլխավոր գրկախառնությունը՝ Ծինփինի հետ
Այս շրջագայությունը ԱՄՆ նախագահը կնշանավորի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովին իր մասնակցությամբ:
Նրա ներկայությունը կարևոր է այս կազմակերպության 11 անդամների համար մասամբ այն պատճառով, որ այս երկրներից շատերը մեծապես կախված են Միացյալ Նահանգներ արտահանումից: Ամբողջ աշխարհի հետ Թրամփի սակագնային պատերազմի ֆոնին, այս երկրների ղեկավարների համար կարևոր է կապ հաստատել ԱՄՆ նախագահի հետ և վերականգնել կայունությունը Վաշինգտոնի հետ հարաբերություններում։
ԱՍԵԱՆ-ը հիմնադրվել է 1967 թվականին Թայլանդի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների և Սինգապուրի կողմից: Ավելի ուշ միացաել են Բրունեյը, Լաոսը, Վիետնամը, Մյանմարը և Կամբոջան: Կիրակի օրը Արևելյան Թիմորը պաշտոնապես դարձել է դաշինքի 11-րդ անդամը: Ընդհանուր առմամբ, ԱՍԵԱՆ-ում ապրում է մոտ 600 միլիոն մարդ։
Թրամփը նաև կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին Հարավային Կորեայում: Այս այցի, ինչպես նաև Ասիա կատարած նրա ամբողջ ուղևորության գագաթնակետը, ենթադրվում է, որ կլինի ԱՄՆ նախագահի հանդիպումը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։
Թրամփի և Ծինփինի անձնական զրույցները կարող են որոշել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների առաջիկա ընթացքը ԱՄՆ ներկայիս նախագահի ժամկետի մնացած ժամանակահատվածում։
Թրամփը Չինաստանի նկատմամբ մեծ մաքսատուրքեր է սահմանել, բայց ընդունում է, որ դրանք չեն կարող պահպանվել այդ մակարդակում։ Իրականում, իր խոշորագույն առևտրային գործընկերոջ հետ տնտեսական պատերազմի սրումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի, Չինաստանի և ամբողջ աշխարհի համար։
Նրա հիմնական խնդիրը կլինի համոզել Ծինփինին՝ շարունակել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնումները, մեղմացնել ԱՄՆ-ին չինական հազվագյուտ մետաղների մատակարարման սահմանափակումները և ամերիկյան ընկերություններին ավելի մեծ մուտք ապահովել ամերիկյան շուկա։
Ասիա այցից առաջ Թրամփը նաև ասել է, որ հույս ունի Չինաստանի օգնության վրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում։
The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային բանակցությունների առաջատար ներկայացուցիչները դրական տրամադրվածություն են հայտնել վերջին առևտրային բանակցությունների վերաբերյալ։ Նրանք ողջունել են հանդիպման կառուցողական ոգին՝ Թրամփի և Ծինփինի միջև այս շաբաթ նախատեսված անձնական հանդիպումներից առաջ։ Բանակցությունները ընդգրկել են հարցերի լայն շրջանակ: Ի թիվս այլնի, նրանք նաև քննարկելու են գյուղատնտեսական մթերքների գնումները, հազվագյուտ մետաղների հասանելիությունը, TikTok-ի հետ կապված իրավիճակը և ԱՄՆ-Չինաստան ընդհանուր հարաբերությունները։
Թրամփը կայցելի նաև Ճապոնիա, այս դեպքում էլ ուշագրավն այն է, որ նա կանցկացնի իր առաջին հանդիպումը երկրի նոր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
381 դիտում