ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ներկայացնում ենք լայնածավալ հարցազրույցի հայերեն թարգմանությունը։
«Որպես ցմահ ֆուտբոլի երկրպագու, ապա՝ սպորտային լրագրող, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանը, նախքան 20 տարի առաջ ֆեդերացիային միանալը, լավ գիտի, թե ինչ նշանակություն ունի ֆուտբոլը հայ ժողովրդի համար։
ՀՖՖ-ի նախագահ է 2019 թվականից, իսկ 2025 թվականի սկզբին Մելիքբեկյանը դարձավ առաջին հայը, ով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ։
Այստեղ նա խոսում է այդ պատվի, ինչպես նաև Եվրոպայի ամենաերիտասարդ ազգային ասոցիացիաներից մեկը ղեկավարելու մարտահրավերների մասին՝ ներկայացնելով ՀՖՖ-ի նպատակները հետաքրքիր ապագայի համար։
— Արմեն, կպատմե՞ք ՀՖՖ-ում Ձեր անցած ճանապարհի մասին։
— Ես ֆուտբոլի երկրպագու եմ եղել մանկուց։ Խաղացել եմ երիտասարդական մակարդակով և շատ ժամանակ անցկացրել եմ որպես գնդակ մատուցող մեր նախկին ազգային մարզադաշտում։ Ես ներկա եմ եղել մեր ազգային հավաքականի առաջին խաղերին 1992 թվականին, երբ նոր էինք մեկնարկել, և դեռևս հպարտ եմ, որ որպես գնդակ մատուցող ներկա էի մեր առաջին պաշտոնական գոլի ժամանակ՝ «Եվրո 96»-ի ընտրական փուլում։ Կրկնություններում կարող եք ինձ տեսնել դարպասի հետևում։
19 տարեկանում սկսել եմ աշխատել որպես սպորտային լրագրող ազգային հեռուստատեսությունում։ 2005 թվականին միացել եմ ՀՖՖ-ին որպես գործադիր տնօրենի տեղակալ։ 2009 թվականին հեռացել եմ և աշխատել եմ որպես հետաքննող լրագրող՝ կենտրոնանալով մարդու իրավունքների վրա, ապա 2018 թվականին վերադարձել եմ ՀՖՖ և 2019 թվականին ընտրվել նախագահ։
— Որքա՞ն հպարտ էիք Դուք այս տարվա սկզբին ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ ընտրվելու համար։
— Ես շատ հպարտ էի, բայց ոչ միայն իմ, այլ նաև հայկական ֆուտբոլի համար։ Դա կարևոր է, քանի որ առաջին անգամն է, որ ազգը ներկայացված է Գործադիր կոմիտեում, և դա ցույց է տալիս, որ մենք լավ ենք աշխատում որպես ազգային ֆեդերացիա։
Մեր ազդեցությունը դանդաղորեն աճում է եվրոպական ֆուտբոլում, ունենք ավելի շատ պատվիրակներ, կոմիտեի անդամներ և մրցավարներ, և դա նշանակում է, որ մենք լավ աշխատանք ենք կատարում։ Սա կարևոր ձեռքբերում է երկրի և ՀՖՖ-ի համար։

— Հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը երկու անգամ անընդմեջ որակավորվել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Ինչպե՞ս է դա ազդում ներքին խաղի վրա։
— Ինձ շատ է դուր գալիս «Նոայի» նախագիծը։ Ակումբի սեփականատեր Վարդգես Վարդանյանը մեծ էնտուզիաստ է և ամբողջությամբ նվիրված է իր ակումբին ու խաղին։ Նա կատարել է զգալի ներդրումներ, բայց ինձ համար թիմի արդյունքներից ավելի կարևոր է այն, ինչ նրանք անում են Վաղարշապատում։ Նրանք ներդրումներ են կատարում ժամանակակից ենթակառուցվածքներում, որոնք կօգնեն մեր խաղացողներին զարգանալ և կծառայեն մեր ազգին։ Սա չափազանց կարևոր է։
Մեր ներքին լիգան մրցունակ է։ Մենք ցանկանում ենք ունենալ պրոֆեսիոնալ լիգա, որը կնպաստի զարգացմանը։ Եվրոպայում մեր գործակիցները բարձրացել են, և մենք հնարավորություն ունենք էլ ավելի առաջ գնալ։ Սա պայմանավորված է ոչ միայն «Նոայի», այլև «Փյունիկի» նախկին նվաճումներով։
— Ինչպե՞ս է ազգային հավաքականի խաղերի և ճանապարհորդությունների զբաղված ժամանակաշրջանն ազդում Ձեզ՝ որպես ֆեդերացիայի նախագահի։
— Ազգային հավաքականի հետ ճանապարհորդելը միշտ լի է ադրենալինով։ Դեռևս հետաքրքիր է ներսից տեսնել ամեն բան, և մենք ունենք հիանալի թիմային ոգի։ ՀՖՖ-ի նման փոքր ֆեդերացիայի համար դա անընդհատ աշխատանք և մեծ սթրես է, քանի որ ակնկալիքները բարձր են, և բոլորը ցանկանում են, որ ազգային հավաքականը հաղթի։ Ինձ համար առաջնային է խաղի որակը։ Արդյունքը կարևոր է, բայց փոքր թիմերի համար կատարողականի որակը վճռորոշ է։ Այս շրջանում ես գոհ եմ, քանի որ ունենք նոր մարզիչ, կառուցում ենք նոր թիմ, և խաղի որակը բավական լավ է։

— Որքա՞ն օգտակար է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգան Հայաստանի նման փոքր ազգերի համար։
— Ազգերի լիգան մեզ համար շատ դրական է եղել։ 2020 թվականին մենք հաղթեցինք C լիգան և բարձրացանք B լիգա, որտեղ խաղացինք Շոտլանդիայի, Իռլանդիայի և Ուկրաինայի դեմ։ Դա անգնահատելի փորձ էր։ Անցյալ մրցաշրջանում հիանալի էր տեսնել, թե ինչպես Սան Մարինոն բարձրացավ C լիգա՝ երկար սպասված մրցակցային հաղթանակից հետո։ Փոքր ազգերի համար Ազգերի լիգան հիանալի մրցաշար է։
— Կա՞ն այլ փոքր ֆեդերացիաներ, որոնք օրինակ են ծառայում։
— Այո՛, մենք շատ մտերիմ ենք Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և ուշադիր հետևում ենք նրանց աշխատանքին։ Տարիներ շարունակ մեր հարաբերությունները սովորական էին, բայց այժմ մենք շատ մոտ ենք։ Ես գործընկեր եմ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեում Վրաստանի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի հետ։ Նրանց աշխատանքը, ներդրումները և ամուր համակարգը, որն օգնեց նրանց որակավորվել «Եվրո 2024»-ին, ոգեշնչում է մեզ և մյուս փոքր ազգերին։
— Որպես ՈւԵՖԱ-ի «HatTrick» կոմիտեի փոխնախագահ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է այդ ծրագիրն ազդում ֆուտբոլի զարգացման վրա։
— «HatTrick» կոմիտեում աշխատելը հաճելի է, քանի որ կարելի է զգալ, թե որքան կարևոր է այն եվրոպական ֆուտբոլի զարգացման համար։ Դրա ազդեցությունը հատկապես նկատելի է փոքր ֆեդերացիաներում։ Հայաստանի համար այն կարևոր է ենթակառուցվածքների զարգացման համար։ «HatTrick»-ի ֆինանսավորմամբ և մեր ռեսուրսներով կառուցել ենք երեք փոքր մարզադաշտ։ Սա խթանել է կառավարությանը՝ ներդրումներ կատարելու չորս այլ ակադեմիաներ կառուցելու համար։ Վերջերս կառավարությունը հայտարարեց Վանաձորի մարզադաշտը 12,000 նստատեղով ընդլայնելու մասին, ինչը թույլ կտա ազգային հավաքականին խաղալ Երևանից դուրս։ Կանանց ազգային հավաքականը և տղամարդկանց մինչև 21 տարեկանների հավաքականը սկսել են խաղեր անցկացնել մայրաքաղաքից դուրս։ Սա շատ լավ հնարավորություն է՝ ընդլայնելու ֆուտբոլի աշխարհագրությունը Հայաստանում և ավելի շատ մարդկանց ոգեշնչելու՝ տեսնելու թիմերին ու ներգրավվելու սպորտում։

— Ինչպե՞ս է օգնում ՈւԵՖԱ-ի «Grow» խաղադաշտերի քարտեզագրման գործիքը։
— Մենք սերտորեն համագործակցում ենք «Grow» թիմի հետ։ Խաղադաշտերի քարտեզագրումը թույլ է տալիս վերլուծել ենթակառուցվածքները, բացահայտել թերզարգացած մարզերը և հիմնավորում ներկայացնել տեղական իշխանություններին ներդրումների համար։ Սա կարևոր է խաղի հասանելիությունն ընդլայնելու և ապագայի համար։
— Կպատմե՞ք կանանց ազգային հավաքականի վերակառուցման մասին։
— Կանանց ազգային հավաքականը նոր նախագիծ է։ 2020 թվականին, ութ տարվա ընդմիջումից հետո, վերահիմնեցինք թիմը զրոյից։ Սկսել ենք լիգայի համակարգ կառուցել։ Թիմը շատ երիտասարդ է, խաղացողների մեծ մասը ծնվել է 2006-2008 թվականներին։ Վերջին տարիներին գրանցել ենք դրական արդյունքներ, և ես վստահ եմ, որ փորձ ձեռք բերելով՝ թիմը կդառնա ավելի ուժեղ։ Կանանց ֆուտբոլը Հայաստանում երկար ժամանակ թերագնահատվել է, բայց մենք ներդրումներ ենք կատարում, և ես լավատես եմ ապագայի հանդեպ։
— Ձեր աղջիկների ակումբներից մեկը անցյալ տարի ՈւԵՖԱ-ի «Grassroots» մրցանակ է ստացել զարգացման աշխատանքների համար։ Որքանո՞վ է դա կարևոր։
— Դա «GOALS» ակումբն էր, և նրանք իսկապես հիանալի աշխատանք են կատարում։ Նրանք գործում են երկրի բազմաթիվ մարզերում՝ հաղթահարելով բարդ իրավիճակներ։ Այն, ինչ նրանք անում են կանանց ֆուտբոլում, հիանալի օրինակ է՝ ցույց տալու, թե որքան բանի կարելի է հասնել, երբ մարդը համառ է և հավատում է իր նպատակին։
Այս «Grassroots» մրցանակը շատ կարևոր էր ոչ միայն «GOALS»-ի, այլև հայկական ֆուտբոլի, մասնավորապես՝ կանանց ֆուտբոլի համար։ Դա չափազանց ոգեշնչող էր։ Նման ձեռքբերումները միշտ չէ, որ հայտնվում են վերնագրերում, և գուցե շատերը չիմացան դրա մասին, բայց թիմի և ֆեդերացիայի համար դա շատ կարևոր էր։ ՈւԵՖԱ-ի կողմից այս ճանաչումը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում։