Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել»,-գրել է նա։
Տ․ Արամ քահանա Ասատրյանի կարգալույծ հռչակվելու մասին
Հոկտեմբերի 21–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը։ Քահանան հայտարարել է, որ որպես հիմք չի ընդունում Սուրբ Էջմիածնից ուղարկված որոշումը։
Հոկտեմբերի 22–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Կտրիճ Ներսիսյանը (Կաթողիկոսի աշխարհիկ անունը, խմբ․) վաղուց կարգալույծ է, նա մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը։ Թող նախ հանրությանը բացատրի՝ որտեղից և ինչպես ինքն ունի կին և երեխաներ։ Ինչ վերաբերում է քահանային կարգալույծ անելուն, կարգալույծը չի կարող կարգալույծ անել՝ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելու ակնհայտ փաստի բերումով», – նշել է Փաշինյանը։
Նշենք, որ վարչապետն այսօր մասնակցելու է Հովհաննավանքում նախատեսված պատարագին, որը մատուցելու է քահանա Ասատրյանը։